Քաղաքականություն
«Երբ այս փուչիկը պայթի, հուսով եմ՝ մեզ կհիշեք». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը Հայաստանի տնտեսական ակտիվությունը համեմատել է Մաո Ցզեդունի օրոք Չինաստանում իրականացված «Մեծ թռիչք» ծրագրի հետ՝ զգուշացնելով հնարավոր ծանր հետևանքների մասին։
Նա գրել է, որ Ամուլսարի հանքի պաշտոնական բացումից հետո հայտարարվել է նաև Երևանում 50-հարկանի երկնաքերի կառուցման նախագծի մեկնարկը։ Բադալյանի խոսքով՝ շինարարական բումը և բնակարանների գների աննախադեպ աճը կարող են ներկայացվել որպես երկրի տնտեսական զարգացման ուղղակի վկայություններ, սակայն ինքը նման գնահատական չի տալիս։
Գրառման հիմնական մասը նա նվիրել է 1958 թվականին Չինաստանում սկսված «Չորս վնասատուների դեմ պայքարի» արշավին, որի ընթացքում պետական քարոզչության ներքո ոչնչացվում էին ճնճղուկները, ագռավները, մոծակները, մկները, առնետներն ու ճանճերը։ Նրա ներկայացմամբ՝ միայն առաջին շաբաթներին ոչնչացվել է մոտ 200 հարյուր հազար թռչուն, իսկ ամբողջ Չինաստանում՝ մոտ 2 միլիարդ թռչուն։
Բադալյանը նշել է, որ թռչունների զանգվածային ոչնչացումից հետո խախտվել է բնական էկոհամակարգը, ինչի հետևանքով մեծացել են մարախների և թրթուրների պոպուլյացիաները։ Նրա պնդմամբ՝ դա հանգեցրել է բերքի ոչնչացման և դարձել 1959-1961 թվականների Մեծ չինական սովի պատճառներից մեկը, որի ընթացքում սովից մահացել է մոտ 20 միլիոն մարդ։
«Ես և ինձ նման մարդիկ վհուկներ կամ կախարդներ չենք և ոչ էլ մեծ գուշակներ կամ մագեր, բայց երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի Տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի և ձեր բնակարանների գները փլուզվեն, երկրի տնտեսությունը հայտնվի կոլապսի մեջ, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ», – գրել է նա։
Աղբյուր՝ 168.am