Առողջություն
«Կբախվենք մեծ կատաստրոֆաների, եթե կանխարգելիչ քայլեր չանենք»․ Տիգրան Բյուզանդյան

Հայաստանում մեծահասակների մոտ 25.5%-ն ամենօրյա ծխող է, իսկ երեխաների շրջանում ծխախոտի օգտագործումը հասնում է տղաների մոտ 25%-ի, աղջիկների՝ մոտ 4%-ի։ Այս տվյալները «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ մեծահասակ ծխողների ավելի քան 50%-ը տղամարդիկ են, մոտ 2%-ը՝ կանայք։ Երեխաների շրջանում նոր մարտահրավեր է էլեկտրոնային ծխախոտի տարածումը․ դրանց օգտագործումը տղաների մոտ կազմում է շուրջ 36%, աղջիկների՝ մոտ 6%։ Մնացականյանը նշել է, որ ծխել սկսող երեխաներ կան արդեն 11 տարեկանից, իսկ հիմնականում 13 տարեկանների շրջանում մոտ 5%-ն օգտագործում է ծխախոտային տարբեր արտադրատեսակներ։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանի խոսքով՝ ծխի թունավոր նյութերը շնչուղիներից բացի կարող են հասնել նաեւ ստամոքս եւ կերակրափող։ Նրա պնդմամբ՝ ծխելը կարող է հիվանդություններ առաջացնել օրգանիզմի տարբեր հատվածներում՝ դիմածնոտային շրջանից մինչեւ շնչափող ու թոքեր, ինչպես նաեւ վտանգել միզուղիներն ու սիրտ-անոթային համակարգը։
Բյուզանդյանը նշել է, որ ծխախոտի պոպուլյարացումը հատկապես ակտիվացել է վերջին 100-ամյակում։ Նրա խոսքով՝ եթե 1900-ականների սկզբին հայտնի էին ուռուցքների հաշված դեպքեր, ապա այսօր խոսքը միլիոնավոր դեպքերի մասին է, եւ միտումները շարունակում են աճել։ «Եթե կանխարգելիչ գործողություններ չանենք, օրերից մի օր բախվելու ենք մեծ կատաստրոֆաների»,- ընդգծել է նա։
Աղբյուր՝ aravot.am