Հասարակություն
«Այդ կինն արժանի է մեծարման, ոչ թե դատապարտման»

Անի Ավետիսյանի արարքը, ըստ հրապարակված իրավական վերլուծության, պետք է դիտարկել որպես անհրաժեշտ պաշտպանության դրսևորում, ոչ թե դատապարտման կամ քննադատության առիթ։
Հրապարակման մեջ հիշեցվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով անհրաժեշտ պաշտպանության իրավունքը պատկանում է անձին՝ անկախ հակաիրավական ոտնձգությունից խուսափելու, այլ անձանց կամ իրավասու մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից ու պաշտոնեական դիրքից։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե պաշտպանվողը վախի, հուզմունքի, սթրեսի կամ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետևանքով չի գիտակցել և չէր կարող գիտակցել, որ հակաիրավական ոտնձգությունը կամ դրա իրական սպառնալիքը բացակայում է, վնաս պատճառող արարքը համարվում է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված։
Հոդվածում նշվում է, որ տվյալ դեպքում զինված ադրբեջանցին ապօրինի մուտք էր գործել կնոջ բնակարան, որտեղ նրա երեխաները վախից գոռում էին և օգնություն էին կանչում։ Ըստ նույն գնահատականի՝ իրավիճակը եղել է իրական, շարունակվող և վտանգավոր, իսկ ոտնձգությունը ներառել է բնակարան ապօրինի մուտք, երեխաների նկատմամբ հոգեբանական ներգործություն, կնոջ նկատմամբ ֆիզիկական ազդեցություն և տան երեք անձանց ուղղությամբ արձակված կրակոց։
Հրապարակման հեղինակի պնդմամբ՝ ադրբեջանցու զինված լինելը և զինծառայող լինելը, իսկ կնոջ՝ անզեն լինելը, կարևոր հանգամանքներ են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափությունը գնահատելիս։ Նշվում է, որ կինը պաշտպանել է ինչպես իրեն, այնպես էլ երեխաներին, և նույնիսկ հարձակվողին կյանքից զրկելու դեպքում արարքը կարող էր համարվել անհրաժեշտ պաշտպանության շրջանակում կատարված՝ առանց դրա սահմանազանցման։
Հոդվածում նաև նշվում է, որ Անի Ավետիսյանի փաստաբանը կարող է վկայակոչել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ նախադեպերը։
«Բիզնես» խորագրում հրապարակված նյութերը գովազդային բնույթի են։
Աղբյուր՝ aravot.am