Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։

Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։ Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում խմբակցության առաջնահերթությունները։

Խալիլ Շիրղոլամին ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, պարբերական հանդիպումների և խորհրդարանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով բարեկամական խմբերի դերակատարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Նրանք կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի և Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։

Զրուցակիցները քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ընթացքը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version