Քաղաքականություն

Առաջին նախագահի առաքելությունը |aliqmedia|

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած համազգային դաշինքը Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ամենաօպտիմալ տարբերակն էր: Գաղափարը երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից մերժվեց: Եթե խնդիրը գնահատենք կոնյուկտուրայի տեսանկյունից, այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը ձեւակերպեց, թե գործող իշխանության դեմ պայքարում իրեն լիովին կբավարարի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու առաջնահերթություն ընտրեն, ապա կարելի է ընդունել, որ երկրորդ նախագահը ճիշտ է:

Բայց Հայաստանում մեկ իշխանություն մյուսով փոխարինելու խնդիր չէ, որ պիտի լուծվի: Հայաստանում ինքնիշխանության, ազգային ինքնության ճգնաժամ է, իշխանության հարցն ածանցյալ է:

Ոչ մի «ուժեղ ձեռք» կամ «կազմակերպված պետություն» ունակ չէ եւ չի լինելու լուծել այդ գերխնդիրը: Թեեւ ասում են՝ ցանկացած համեմատություն կաղում է, բայց սա այն դեպքն է, երբ պետք է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքներով մենք այսօր ոչ թե 21-րդ դարի երրորդ տասնամյակում ենք, այլ 1990-1991 թվականների՝ գոյության եւ չգոյության միջեւ «ճոճվող» իրավիճակում:

Այն ժամանակ կար ազգային պետություն կառուցելու, այսօր՝ նույնը վերակերտելու գրեթե էքզիստենցիալ խնդիր: Այդ բեռը չի կարող ուսել առանձին որեւէ կուսակցություն կամ անհատ: Մենք միջնադարում չենք, որպեսզի մի Ռոբեսպիերի սխրանքի հույս փայփայենք: Մանավանդ որ աղետալի կորուստները մի մեծ մասով հենց այդ անհատապաշտության կամ «վճռական Մենակի» կուլտիվացման հետեւանք են:

Եվ ողբերգականորեն ծիծաղելի է, Հրանտ Մաթեւոսյանի բնորոշմամբ՝ ծաղրածուություն, երբ ինչ-որ տեղից ներշնչվում է Նժդեհ ունենալու երազանք՝ նկատի ունենալով որոշակի անձի: Մանավանդ որ նա, ինչպես անցյալ անգամ եմ գրել, հետեւողականորեն իրենից վանում է այդ ծանրագույն պատասխանատվությունը: Որովհետեւ գիտի՝ Նժդեհի, նույնիսկ Մոնթեի եւ Ղարաբաղյան առաջին պատերազմի միֆականացված բոլոր հերոսների ժամանակը վաղուց է անցել:

Անգամ ամենաթռուցիկ դիտարկումներն են վկայում, որ քաղաքական ներկա դասավորությամբ եւ ուժերի հարաբերակցությամբ ոչ մի կուսակցություն խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելու գործնական շանս չունի: Իսկ Սահմանադրությունը գրվել է այնպես, որ եթե քվեարկության արդյունքներով որեւէ կուսակցություն կամ դաշինք խորհրդարանական տեղերի 54 տոկոսը չի ստանում, եւ վեցօրյա ժամկետում չի հաջողվում ձեւավորել կայուն մեծամասնական կոալիցիա, ապա տեղի է ունենում ԱԺ-ի նոր ընտրություն:

Այս ճգնաժամային իրավիճակում արժե՞, որ Հայաստանը թույլ տա իրեն նման շռայլություն: Եվ եթե մի պահ ընդունենք, որ ժողովուրդը կհաշտվի նաեւ դրա հետ, միեւնույնն է, հարցը չի հանվում՝ ի՞նչ իշխանություն է ունենալու Հայաստանը: Իմքայլակա՞ն: Քոչարյանա-դաշնակցակա՞ն: Խա՞ռը: Ամենահավանականը երրորդ տարբերակն է, բայց ո՞վ է զիջելու:

Քաղաքացիական պայմանագի՞րն է ընդունելու, որ Քոչարյանը պետք է վարչապետ ընտրվի, թե՞ Քոչարյանն է իշխանությունից որոշակի մասնաբաժնի դիմաց համակերպվելու Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը: Հաղթելու եւ «կրելու» մասին հռետորաբանությունը ոչ մի կապ չունի քաղաքական գործընթացի հետ: Դա, այսպես ասած, «ֆուրորի» համար է:
Իրական ռեժիմում մի հարց կա՝ կձեւավորվի՞ հետընտրական կոալիցիա, ո՞ւմ շուրջ: Փաշինյանի՞, թե՞ Քոչարյանի: Երկրորդ նախագահն, ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը չի ընդունել մի՝ նոր իշխանության մեջ որեւէ պաշտոն չզբաղեցնելու նախապայմանի պատճառով: Նա ընտրությունների է գնում հանուն իշխանության:

Բայց, թող ձանձրալի չթվա, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը խորհրդարանական կայուն մեծամասնություն ձեւավորելու ռեսուրս չունի: Չունի նաեւ Փաշինյանը: Ուստի այսօրվա իրավիճակով կա՛մ նրանք պետք է կոալիցիա կազմեն, կա՛մ խորհրդարան անցած ուժերին բերեն կոալիցիայի: Երկու դեպքում էլ Հայաստանը ոչինչ չի շահի, ինքնության ճգնաժամը, գուցե, ավելի կխորանա:

Այս պահի դրությամբ քաղաքական «թարախապալարը» բացելու միակ հնարավորությունը խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի առաքելական մասնակցությունը կլինի: Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կունենա Կոնգրեսը: Պետականավերակերտման դիսկուրսը Հայաստանի համար բնական անհրաժեշտություն է: Ի վերջո Հայաստանում պարտվել է պատերազմի կուսակցությունը: Պետականաշինության այն հայեցակարգը, ըստ որի՝ «առանց ԼՂ-ի խնդրի Հայաստանը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնի»:

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի պետական ինքնությունը նույնականացվել է մի անլուծելի տեսլականի՝ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները հայկական իրավազորության ենթարկելու հետ, ինչը բերել է քաղաքակրթական մեկուսացման, չխուսափենք ցավոտ որակումից՝ մերժվածության: Փորձել քաղաքական ռեինկառնացիայի բերել այդ իդեա-ֆիքսը, նշանակում է վերջնական փորձության մատնել Հարավային Կովկասում մեր պետական ինքնությունը:

Ըստ էության, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերը համառորեն շրջանցում են այս թեման: Մնում է, որ առաջին նախագահը եւս մեկ անգամ մեզ իրականության հետ առերեսի: Պետք է հուսալ, որ այս անգամ ժողովրդի մեծամասնությունը կգիտակցի պատմական պահի ճակատագրականությունը: Այլապես խորհրդարանական ընտրությունները դարձյալ կվերածվեն «լավ տղայի» օգտին պարզ քվեարկության: Եվ Հայաստանը կմնա ինքնախաբեության ճահճում:

Վահրամ Աթանեսյան

Aliqmedia.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version