Առողջություն

Ալկոհոլային խմիչքների մասին

Հայաստանի ազգաբնակչության շրջանում ալկոհոլային խմիչքներից ավանդաբար առավել տարածված են եղել գինին, գարեջուրը, թունդ ալկոհոլային խմիչքներից՝ օղին և կոնյակը: Սակայն, հանրապետության անկախացումից և այլ երկրների հետ առևտրատնտեսական և մշակույթային հարաբերություններ հաստատելուց հետո մեր բնակչության կողմից օգտագործվող ալկոհոլային խմիչքների տեսականին մեծացավ, ի հաշիվ մինչ այդ մեր երկրում տարածում չունեցող ալկոհոլային այլ խմիչքների, ալկոհոլային բաղադրությամբ կոկտեյլների և խառնուրդների:

Վերջին տասնամյակներում ազգաբնակչության կողմից ալկոհոլային խմիչքների օգտագործման տարածմանը մեծապես նպաստեցին նաև հայաստանյան իրականությունում անկախացումից հետո ի հայտ եկած սոցիալ-տնտեսական խնդիրները:

Հատկապես երիտասարդների կողմից ալկոհոլային խմիչքների օգտագործման տարածվածության աճին նպաստում են վերջին երկու-երեք տասնամյակներում ստեղծված տարաբնույթ ժամանցի ու զվարճանքի վայրերը՝ դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու սրճարանները, որտեղ ժամանցն ու զվարճանքն ուղեկցվում են մեծ քանակով ալկոհոլային խմիչքների մատուցմամբ:

Ավանդաբար առավել տարեց անձինք հիմնականում գործածում են օղի և գարեջուր: Հանրության որոշ շրջաններում ընդունված է կարծել, թե իբր տնայնագործական մեթոդներով թորվող օղին ավելի որակյալ և օրգանիզմի համար պակաս վնասաբեր է, քան գործարանային արտադրության ալկոհոլային խմիչքները:

Անհիմն կարծիք կա, որ մրգային հումքից տնայնագործական ճանապարհով պատրաստվող, սակայն անհրաժեշտ մշակում և ֆիլտրում չանցած օղին ունի որոշակի «բուժիչ» հատկություններ: Հիմնականում գյուղական բնակչության շրջանում ընդունված է, որ առավոտյան կամ յուրաքանչյուր սնվելու ընթացքում 50-100 գրամ տնայնագործական օղու գործածումը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ինչը բացարձակ հիմնազուրկ պնդում է։

Հայաստանյան հասարակությունում առկա ավանդույթների համաձայն՝ ընտանեկան կամ գործնական միջոցառումների և արարողությունների ժամանակ սեղանից պետք է անպակաս լինի ալկոհոլային խմիչքների լայն տեսականին: Մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների օգտագործումը միջոցառումների և արարողությունների մասնակիցների կողմից պարտադիր երևույթ է:

Քանի որ հանրության որոշ շրջաններում առկա է կարծրատիպ, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը խորհրդանշում է «իսկական տղամարդուն», քիչ չեն դեպքերը, երբ արական սեռի ավագ ներկայացուցիչները դեռևս ձևավորված աշխարհահայացք չունեցող իրենց կրտսեր ընկերներին, որդիներին կամ հարազատներին (հաճախ նաև՝ դեռահասներին) առաջարկում և հյուրասիրում են ալկոհոլային խմիչքներ:

Ցավոք, վերոնշյալ բոլոր գործոնները նպաստում են մեր հայրենակիցների կենցաղում ալկոհոլային խմիչքների հաստատուն և կարևոր տեղը զբաղեցնելուն:

Հարգելի՛ հայրենակիցներ, ալկոհոլը հանդիսանում է հոգեներգործուն նյութ։ Ալկոհոլի երկարատև, սիստեմատիկ և մեծ քանակներով չարաշահումը, ի թիվս այլ առողջական խնդիրների, կարող է հանգեցնել նաև ալկոհոլային ծանր կախվածության համախտանիշի ձևավորման։

Զերծ մնացեք ալկոհոլային խմիչքներ չարաշահելուց և ձեր ընտանիքներում ձևավորեք առողջ կենսակերպ։

Սիրելի՛ հայրենակիցներ, խորհրդատվությունների համար այցելեք մեր կենտրոն կամ զանգահարեք 012-27-27-27 հեռախոսահամարով։

Եղեք առողջ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version