Ֆեյսբուքում հարց էի տվել բանակում ընտրությունների կազմակերպման մասին և շատ հետաքրքիր պատասխաններ ստացա Դավիթ Մելիքսեթյանից։ Ստորև ներկայացնում եմ մեր զրույցը՝ աննշան ոճական և ուղղագրական խմբագրումով։Կարեն Վրթանեսյան. Միամիտ հարց… Ո՞վ գիտի. ընտրությունների ժամանակ զորամասերում դիտորդներ լինո՞ւմ են։
Դավիթ Մելիքսեթյան. Զորամասում չեն ընտրում, զորքերն ընտրում են մոտակա ընտրատարածքներում։
Կ.Վ. Իսկ եթե զորամասը հեռո՞ւ է բնակավայրերից։
Դ.Մ. Կապ չունի։ Համեմատաբար ամենամոտիկ ընտրատարածք են տանում։
Կ.Վ. Շնորհակալություն։ Հաճախ եմ լսում, որ զինվորին ստիպում են քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին։ Հարց. եթե զինվորը քվեարկում է, օրինակ՝ Սյունիքի մարզի որևէ բնակավայրում, ինչպե՞ս հրամանատարությունը կարող է իմանալ, թե ով ոնց է քվեարկել։ Հանձնաժողովի անօրեն անդամների շնորհի՞վ։
Դ.Մ. Խախտումների մասին. 1. մինչև ընտրությունները գնում է բացարձակ միակողմանի քարոզչություն։ Ամեն կիրակի «զամպալիտները» գլուխ են հարդուկում միակ արժանավորի ու մնացած ազգի վնասատուների մասին (ու ոչ միայն զամպալիտները ու ոչ միայն կիրակի օրերին); 2. հիմա, չգիտեմ, էդպեսի բան կա թե չէ, բայց մեզնից (2003թ. կարծեմ) պահանջեցին նամակ ուղարկել ծնողներին, ու խնդրել ընտրել Քոչարյանին։
Կ.Վ. Եթե զինվորն ընտրի ընդդիմադրին, այդ դեպքում կարո՞ղ են իմանալ, թե զինվորն ում համար է քվեարկել։
Դ.Մ. Նույնիսկ զավեշտալի դեպք եղավ. ես ուղիղ չէի գրել։ Մեր գումարտակի զամպալիտի խոսքն էի մեջբերել. «ինչպես ասում է այսինչը` ավելի լավ տարբերակ չկա»։ Ես գիտեի, որ մերոնք կհասկանան հումորը։ Բայց մեր «զամպալիտը» սխալ հասկացավ :)) Ինքը հասկացել էր, որ ինչ որ բան էն չի, բայց թե ինչը, այդպես էլ չէր կարողանում ջոկել։ Ու ի վերջո որոշեց, որ եթե չակերտների մեջ եմ գրել, ուրեմն փոխաբերական իմաստով եմ ասել :)) Ստիպված էի երկար բացատրել հայերենում ուրիշի ուղակի խոսքի կետադրությունը :)))
Դ.Մ. Հիմա բուն ընտրության ընթացքի մասին… Զինվորները ուղղակի քվեատուփ գցելուց առաջ այնպես պիտի անեին, որ երևար, թե ում են ընտրել։ Անձամբ ես ցույց չեմ տվել (թեև Քոչարյանին էի ընտրել` իմ ընտրությամբ, ոչ ստիպված), բայց ցույց չտալու համար ինձ ոչ մի վատ բան չեղավ կարծես։
Դ.Մ. Սա իմ փորձն էր։ Բայց հիմա շատ բան փոխվել ա երևի։ Մարդկանց հասարակական գիտակցության մակարդակն էլ ա բարձրացել։
Կ.Վ. Շնորհակալություն, շատ մանրամասն էր։ Դեմ չե՞ս լինի, եթե պատմածդ տեղադրեմ razm.info բլոգում։
Դ.Մ. Բոլոր բարի նպատակներով կարելի ա օգտագործել 🙂
Կ.Վ. Շնորհակալ եմ։ Սա սկզբնաղբյուր է։ Թե հետագայում ով ոնց կօգտագործի (կմեկնաբանի), դժվար է ասել։ Բայց կարևոր է, որ ականատեսի պատմած է, առանց ավելորդ հուզականության ու կողմնակալության։
Սկզբնաղբյուր