«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության համաձայն, ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության:
Որպես կանոն, ներքին համաձայնությամբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է բաժին հասնում այդ պաշտոնը։ Եվ չնայած իշխանության հետ համաձայնությամբ է կայացվում որոշումը, բայց փակ ընտրությամբ է տեղի ունենում։
2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածուներ առաջադրեց ե՛ւ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, եւ ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանին, բայց «Իմ քայլը» 108 ձայնով ընտրեց ԲՀԿ ներկայացուցչին, Թանդիլյանին միայն իր խմբակցության պատգամավորները ձայն տվեցին։
Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես քննարկում են փոխնախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ դեպքում ՔՊ խմբակցությունից է կախված, թե ով կընտրվի, իսկ իշխանությունը հակված է «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցչին ընտրել, քանի որ «Հայաստան» դաշինքի թեկնածուն այս իշխանությունների անխնա քննադատ Իշխան Սաղաթելյանն է։ Սակայն «Պատիվ ունեմ» դաշինքում դեռ ծանրութեթեւ են անում՝ առաջադրե՞լ արդյոք թեկնածու, թե՞ ոչ, քանզի դա կնշանակի առաջին իսկ օրվանից խզել հարաբերությունները ընդդիմադիր գործընկերների հետ։
Այնպես որ, առաջիկա խորհրդարանում ճգնաժամը կարող է սկսվել հենց առաջին նիստից՝ ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների հարցը կարող է դառնալ անլուծելի, եւ դրա շուրջ որեւէ համաձայնություն չկայացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում