Հասարակություն
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes E 320-ը, Opel Astra-ն և Honda Velester-ը, վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր Shamshyan
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Նաիրի Զարյան թիվ 53 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Սևակ Հլոյանի վարած Mercedes E320 մակնիշի, 37-ամյա Գարեգին Երանոսյանի վարած, կայանված վիճակում գտնվող Opel Astra մակնիշի և 21-ամյա Ռուբինա Օսիպյանի վարած Honda Veloster մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Ինգա Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։
Նշված գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Գ. Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հասարակություն
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հասարակություն
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հասարակություն
Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։
Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։
Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում