ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա և հարազատների միջև, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով:
Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. նոյեմբերի վերջերին, իրականությունը խեղաթյուրելով՝ 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է և հայտնվել գերության մեջ:
Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.500.000 ՀՀ դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե 41-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն (հեռ.՝ 0223-7-00-01) կամ ՀՀ ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին: Միաժամանակ հորդորում ենք նմանատիպ հարցերով չհամագործակցել որևէ անհատի հետ, այլ դիմել իրավապահ մարմիններին»,մ- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: