Քաղաքականություն

Նոր որոշում․ քաղաքապետն այսուհետ իրավասու է քանդել համայնքային հողամասում կառուցված ինքնակամ շինությունը

Երեւանի ավագանին հուլիսի 13-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացրեց փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման մեջ, համաձայն որի Երևանի քաղաքապետն իրավասու է դառնում քանդել համայնքային հողամասում կառուցված ինքնակամ շինությունը` անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը` անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան:

Այսպիսով, Երևան համայնքի ավագանին ինքնակամ կառույցների տնօրինման հետ կապված սեփական կարգ չի սահմանել և որոշել է, որ այն պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- նշեց Մարգարյանը և հավելեց, որ ներկայում առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու քննարկվող որոշումից նշված կարգավորումները հանել և ինքնակամ կառույցների տնօրինումն իրականացնել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով:

Մարգարյանը շեշտեց, թե անհրաժեշտ է նաև ամրագրել, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից: «Քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Խոսքն այս կարգավորումներով այն ինքնակամ կառույցների մասին է, որոնց վերաբերյալ մինչև հունվարի 31-ը օրինականացման դիմումներ չեն ներկայացվել: Այսինքն՝ ստացվում է, որ համայնքային տարածքում անձի ինքնակամ կառուցած շինությունն ամբողջությամբ դառնում է համայնքի սեփականություն»,- նշեց Տարոն Մարգարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը մի նկատառում արեց, որ համայնքային տարածքում ինքնակամ շինություն կառուցած քաղաքացու իրավունքները ոտնահարվում են: «Ճիշտ է քաղաքացին զանցանք է գործել՝ կառուցելով ինքնակամ շինություն, սակայն ստացվում է այնպես, որ այս նախագծով մենք ոտնահարում ենք տվյալ անձի իրավունքները: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր նույնպես նկատում եմ՝ օտարման հետագա գործողությունների, թե՛ աճուրդի, թե՛ վարձակալության հետ կապված: Կարծում եմ, այս որոշումն ընդունելուց հետո մենք բախվելու ենք բազմաթիվ իրավական գործընթացների, և անհրաժեշտ էր, որպեսզի մենք այս հարցը քննարկեինք սեպտեմբերի 14-ին կայանալիք ավագանու հերթական նիստի ժամանակ»,- ասաց Մանրիկյանը: Տարոն Մարգարյանն ի պատասխան նկատեց, որ նախագիծը համապատասխանում է օրենքին ու չի հակասում: Դատական գործընթացների վերաբերյալ էլ նշեց, որ ցանկացած հայցադիմում ներկայացվելու դեպքում դա կքննարկվի, համայնքն էլ խնդիրներ չի ունենա, նախագիծը խորապես ուսումնասիրված է: Որոշումն ընդունվեց 39 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Ամենաընթերցվածները

Exit mobile version