Հասարակություն
Արզնիում կինը մահացել է, երբ ընկերը հրել գցել է ջրով լցված լողավազանը
Հուլիսի 19-ին ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կնոջ ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, և նա հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հասարակություն
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հասարակություն
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հասարակություն
Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։
Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։
Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում