Նախօրեին Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն համալիրում կազմակերպվեց բաց հանդիպում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի հետ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ներսես Երիցյանը ներկայացրեց կրթության և ռազմավարական մտածելակերպի վերաբերյալ դասախոսություն, ինչը հնարավորություն տվեց ներկաներին ծանոթանալու Արցախի զարգացման հեռանկարների վերաբերյալ նրա մտքերին ու վերլուծություններին։
«Պետք է մտածենք Արցախը հետաքրքիր և աշխույժ տեղ դարձնելու մասին, որտեղ մարդիկ ցանկանան գալ: Լավ կրթական և գիտական հնարավորություններ պետք է լինեն, որ Արցախը մագնիս դառնա, և ոչ թե մարդիկ մտածեն հեռանալու մասին։ Նախադրյալը հայ ազգի ներուժն է, որը մենք պետք է կարողանանք համախմբել և կենտրոնացնել դրանից արդյունք ստանալու համար: Անհրաժեշտ է հասկանալ ապագայի կրթությունը։ Զարգացումը ինքնաբերաբար չի լինում, այն գիտակցված ընտրություն է, և ապագայի համար ինչ ընտրում, այն էլ ունենում ես: Արցախում դպրոցականը չպետք է սովորի հետամնաց գաղափարներ և գլոբալ աշխարհից կտրված վարքագիծ», – նշեց բանախոսը։
Առաջնորդության դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի խոսքով՝ նման ձևաչափով քննարկումներն անպայման շարունակական կլինեն: