Ափիոնատիպ նյութերի կամ օփիոիդային թմրամիջոցների խումբը (դասը) ներառում է քնաբեր կակաչից (Papaver somniferum) ստացվող թմրաբեր ալկալոիդները դրանց կիսաարհեստական ածանցյալները և արհեստական եղանակով ստացվող համարժեքները:
Համաձայն պաշտոնական վիճակագրության, ափիոնատիպ նյութերի անօրինական գործածումն իր տարածվածությամբ Հայաստանում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման տարածվածությանը:
Ափիոնատիպ նյութերից կախվածությունը զարգանում է բավականին կարճ ժամանակում (հաճախ մեկ-երկու անգամ գործածման արդյունքում) և արագորեն հանգեցնում առողջական ծանրագույն հետևանքների։
Ափիոնատիպ նյութերից կախվածությանը բնորոշ են ափիոնատիպ նյութերի նկատմամբ առաջացող արտահայտված հիվանդագին հակումը, թմրամիջոցի հերթական չափաբաժինն ընդունելու անհաղթահարելի պահանջը, ծանր զրկանքի համախտանիշը՝ արտահայտված մկանացավերով, քնի խանգարումներով և ծանր սոմատովեգետատիվ այլ խանգարումներով:
Ափիոնատիպ նյութերի մշտական գործածումը զրկում է անձին իր հիմնական զբաղմունքներից, հետաքրքրություններից և պարտականություններից, ինչը հասարակությունից, ապա նաև ընտանիքից աստիճանական օտարացման, միջանձնային, աշխատանքային և ներընտանեկան կապերի խզման պատճառ է դառնում:
Պարտադրված լինելով վերահաս զրկանքից խուսափելու համար յուրաքանչյուր օր ապօրինի ճանապարհով հայթայթել թմրամիջոցի հերթական չափաբաժինը՝ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձինք կատարում են իրավախախտումներ։
Ափիոնատիպ նյութերն օգտագործվում են գլխավորապես ներերակային ներարկման եղանակով, ինչն առավել վտանգավոր է դարձնում այս խմբի թմրամիջոցները՝ պայմանավորված արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների տարածման մեծ հավանականությամբ։
Ափիոնատիպ նյութերից հաճախակի է առաջանում սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ մահվան ելքով։
Ափիոնատիպ նյութերի ապօրինի գործածմամբ պայմանավորված տնտեսական վնասներն ու առաջացող խնդիրների լուծման ծախսատարությունը բավականին մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ հասարակության և պետության համար:
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» իրականացվում է ափիոնատիպ նյութերից կախվածության բուժում երկու եղանակով.
դետոքսիֆիկացիոն բուժում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում,