Կառուցողական-ի հոմանիշը շինիչն է, որի հիմքում շինել բայի արմատն է: Այն բնավ հայհոյանք չէ, մանավանդ ՍԴ հայտնի որոշումից հետո: Սա՝ ի գիտություն:
Իսկ հիմա լուրջ: Երկիրը վառոդի տակառի վրա է, ամեն օր հաղորդագրություններ ենք ստանում սահմանային միջադեպերի մասին, Արցախի հանձնված տարածքներից մեր երեխաների աճյուններն են գտնում, իսկ ԱԺ-ն՝ պետության գլխավոր քաղաքական մարմինը, զբաղված է հաշիվ մաքրելով, թե որ կուսակցության ջոկատը որ պատերազմի ժամանակ որտեղ էր: Ցավոք, այս մեղմ ասած տկարամիտ խոսույթին է մասնակցում նաև Սեյրան Օհանյանը: Ցավոք, որովհետև հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած մարդը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մի քիչ այլ պատկերացումներ պետք է ունենար և թելադրեր մյուս պատգամավորներին:
Մեր ազգային մտածողության իշխող և կործանարար միֆերից մեկը ֆիդայականությունն է: Կամավոր ճակատ մեկնածների նկատմամբ մեծագույն հարգանք ունենալով՝ հիշեցնենք, որ 90-ականների սկզբին իշխանությունը ջանք ու եռանդ չխնայեց կամավորական ջոկատներից կանոնավոր բանակ, այսինքն՝ պետության հիմնասյուն կերտելու համար: Դա ծանր գործընթաց էր, որոշ դեպքերում ուժային մեթոդներն ազդում էին իշխանության վարկանիշի վրա, սակայն անհրաժեշտ պայման էր անկախացման և հաղթանակի համար: Հիմա ի՞նչ ենք անում: Կանոնավոր բանակի խնդիրները մի կողմ թողած՝ կուսակցական ջոկատնե՞րն ենք հաշվում և քննարկում: Մի՞թե պարզ չէ, որ այս խոսույթը կործանարար է: Մի՞թե պարզ չէ, որ այս հոգեբանությամբ հակառակ գործընթացն ենք ապահովում, այսինքն՝ կանոնավոր բանակը փորձում ենք փոխարինել ֆիդայական ջոկատներով, ինչը նշանակում է պետականության վերջնական կազմաքանդում:
Այս անմեղսունակ հոգեբանության արդյունքն էր Նիկոլ Փաշինյանի ամոթալի ելույթը պատերազմի օրերին, որում նա կոչ էր անում երիտասարդներին վերցնել տանը մնացած բուշլատները և կամավորագրվել: Պետությունը նվաստացնելու ավելի շինիչ ձև դժվար է հորինել:
Այս պետականաքանդ հոգեբանությունն է պատճառը, որ մինչև հիմա չեք հասկացել պատերազմի հետևանքների մասշտաբը:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։