ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, որն օրերս կստանձնի նախագահի պաշտոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերի թեկնածությունը: Այդ առաջադրումը ուշադրության է արժանի Հայաստանի համար որոշակի հանգամանքների բերումով:
Այստեղ հարցն այն չէ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ամերիկյան քաղաքականության առանցքային գործիքներից է, և դրա ֆինանսատնտեսական բնույթը առավել քան կարևոր է կորոնավիրուսից և ավերիչ պատերազմից հետո Հայաստանի վերականգնման հնարավորություն դիտվելու համար: Ի վերջո, այստեղ շատ կարևոր են լինելու քաղաքական բնույթի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ թե՛ ԱՄՆ հետաքրքրվածությունը Հայաստանով, թե՛ Հայաստանի համարժեք արձագանքի հնարավորությունը՝ հաշվի առնելով ռեգիոնալ նոր իրողություններն ու ՌԴ գերազդեցությունը: Ավելին, այդ իմաստով գուցե առավել կարևոր է դառնում, որ Նահանգները Հայաստանի հետ հարաբերության իմաստով չսպասի, այսպես ասած, հանդիպակաց նախաձեռնության կամ չկողմնորոշվի բացառապես սիմետրիկ արձագանքով:
Ակնառու է, որ նոր իրավիճակում Հայաստանի հետ աշխատանքի արդյունավետությունը կախված է այն բանից, թե Վաշինգտոնը որքան է պատրաստ այդ հարաբերության ասիմետրիկ տրամաբանության: Այդ իմաստով է ահա բավականին հետաքրքիր Սամանտա Փաուերի թեկնածության առաջադրումը:
Բանն այն է, որ Օբամայի վարչակազմի շրջանում լինելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և փաստորեն ամերիկյան քաղաքականության համատեքստում Օբամայի վարչակազմի բազեներից մեկը՝ Փաուերը բավականին նուրբ համակրանք ուներ հայկական գործոնի նկատմամբ: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքականության, այն էլ ամերիկյան քաղաքականության ուղենիշը շահն է, ոչ թե համակրանքը, սակայն անձնական պատկերացումներն ու մոտեցումները ի վերջո կարևոր են շահի շրջանակի ձևավորման համար: Փաուերը այդ իմաստով Հայաստանի համար ամերիկյան նոր վարչակազմում կարող է լինել թերևս ամենահարմարավետ գործընկերներից մեկը, ինչը կարևոր է:
Ամբողջությամբ կարդացեք 1in.am կայքում։