Այսպիսի բարձր մակարդակով են ընդունել գերտերությունները Առաջին նախագահին
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․
1994թ., Լևոն Տեր-Պետրոսյանի այցը ԱՄՆ. «Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»
1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից 3 ամիս անց, օգոստոսի 7-ից 14-ը պետական-պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատվիրակության կազմում էին առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Վահան Փափազյանը, ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։ Այցի կազմակերպման գործում լուրջ ներդրում էր ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը:
Պաշտոնական հանդիպումներից առաջ Տեր-Պետրոսյանն այցելում է Արլինգտոնի ազգային գերեզմանատուն և ծաղկեպսակ է դնում Անհայտ զինվորի գերեզմանին: Այցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանն առանձին հանդիպումներ է ունենում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, փոխնախագահ Ալբերտ Գորի, պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և սենատի անդամների, Համաշխարհային բանկի նախագահի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի, գործարար շրջանակների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ի պատիվ Տեր-Պետրոսյանի Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ, նախագահ Քլինթոնը մի քանի խոսք ասելուց հետո, կոկորդի ցավերի պատճառով, իր ելույթի տեքստը փոխանցում է կնոջը՝ ԱՄՆ առաջին տիկին Հիլարի Քլինթոնին: Տիկին Քլինթոնը նշում է, որ «Հայաստանը դժվարին ճանապարհ է անցնում այսօր, որի նախագահը 6 տարի առաջ քաղբանտարկյալ էր, իսկ այսօր ղեկավարում է ժողովրդավար երկիր»: Տեր-Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իրեն ուղղված բարձր գնահատականների համար, նշում է, որ այդ գնահատականներն ինքը վերագրում է հայ ժողովրդին. «Քանի որ այդ ամենը ձեռք է բերվել հայ ժողովրդի կողմից»:
Մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված պաշտոնական հանդիպումներից հետո, նախագահ Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ մի շարք քաղաքներ (Բոստոն, Դետրոյթ, Լոս Անջելես, Նյու Յորք), բազմաթիվ հանդիպումներ է ունենում նահանգապետերի, քաղաքապետերի, քաղաքագետների, քաղաքական գործիչների, գիտական շրջանակների հետ: Տերբեր քաղաքներում Տեր-Պետրոսյանը տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների կողմից արժանանում է «հուզումնալից», «աննախադեպ փոթորկալից» ընդունելության: Հանդիպումների ժամանակ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ իշխանություններին և հայ համայնքին Հայաստանին ցուցաբերվող օգնության համար: «Հայաստանի ժողովուրդը ոչինչ չի գերադասում իր անկախությունից, որի համար, սակայն, շատ բարձր գին է վճարել», – հայտարարում է առաջին Նախագահը:
Տեր-Պետրոսյանն առանձին հանդիպումներ է ունենում նաև Հայաստանի բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Լուիզ Սիմոն Մանուկյանի, Հրայր Հովնանյանի, հոգևորականների հետ: 93-ամյա Ալեք Մանուկյանը, դիմելով Տեր-Պետրոսյանին, նշում է՝ «Իմ երազանքն էր՝ այցելել Հայաստան… բայց ես շնորհակալ եմ, որ Դուք եկաք և Ձեզ հետ բերեցիք Հայաստանը»:
Նորանկախ Հայաստանի առաջին նախագահն այցելում է նաև Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գերեզման՝ Կանայանի այրու և երեխաների ուղղեկցությամբ:
Մասաչուսեթսի նահանգ այցի ընթացքում, ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, ընդունելություն է կազմակերպվում ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի անվան գրադարան-թանգարանում: Ջոն Քենեդիի կրտսեր եղբայր, սենատոր Էդուարդ Քենեդին իր խոսքն ուղղելով ՀՀ նախագահին, հայտարարում է՝ «Հայ ժողովուրդն ու իր փայլուն առաջնորդը: Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»: Տեր-Պետրոսյանն իր խոսքում պահը զգանցմունքային է համարում՝ վերհիշելով իր ուսանողական տարիները, երբ 1960-ական թվականների սկզբին ԱՄՆ նախագահն էր Ջոն Քենեդին, իսկ ԽՍՀՄ-ն ղեկավարում էր Նիկիտա Խրուշչովը: «Առաջին անգամ շնչում էինք ազատության շունչը», – նշում է Հայաստանի նախագահը, հավելելով, որ այդ տարիներին է իր մոտ արթնացել «ռոմանտիզմն ու իդեալիզմը»: Սակայն այդ տրամադրությունները շատ արագ մթագնեցին Քենեդիի սպանությունից և Խրուշչովի հեռացումից հետո: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը նշում է, որ հպարտ է, որ ապրել է այդ ժամանակաշրջանում:
Մասաչուսեթսի նահանգապետ Ուիլյամ Ուելդը, իր հերթին, դիմելով Տեր-Պետրոսյանին, հայտարարում է՝ «Թեև Մասաչուսեթսն ու Հայաստանը գրեթե նույնչափ տարածք են զբաղեցնում, սակայն, պարոն Նախագահ, Ձեր առջև դրված մարտահրավերները կգերազանցեն իմը»:
«Ես կարծում եմ, որ այս այցելությունն ամեն բանից ավելի կապացուցի ամերիկյան իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ և ցույց կտա ողջ ամերիկյան ժողովրդի հարգանքն անկախ Հայաստանի առաջին Նախագահի հանդեպ», – այս խոսքերով մեկնաբանում Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած այցը ՀՀ-ում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը: