Պարեկային ծառայողներից 205-ը մինչև Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելն աշխատանք չի ունեցել։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից:
Tert.am-ը տեղեկացել է նաև, թե պարեկային ծառայողներն ինչ կրթություն են ունեն: Այսպիսով՝ պարեկային ծառայողներից 315-ն ունեն միջնակարգ կրթություն, 350 ծառայող՝ բակալավրի աստիճան, 47-ը՝ մագիստրոսի աստիճան։
Հարցին էլ՝ Պարեկային ծառայության ձևավորումից հետո քանի՞ անձ է ազատվել ոստիկանական ծառայությունից, հուլիսին Ոստիկանությունից պատասխանել են, որ Պարեկային ծառայությունում համապատասխան պաշտոնների չնշանակված ծառայողներին առաջարկվելու են այլ պաշտոններ, իսկ ոստիկանությունում ծառայությունից ազատվածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելն իրատեսական չէ, քանի որ ոստիկանությունում կադրային շարժը, հոսունությունը կրում է շարունակական բնույթ և բացի այդ, ներկայիս փուլում դեռևս քննարկվում է պարեկային ծառայությունում չնշանակված լուծարված ստորաբաժանման ծառայողների հետագա ծառայության հարցը։
Հիշեցնենք՝ պարեկների ուսուցումը տևել է 5 ամիս, դիմորդները 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիներ են եղել, որոնք ունեցել են առնվազն միջնակարգ կրթություն:
Արդարադատության նախարարությունը, դիմորդներից էլեկտրոնային փոստի հասցեներից բացի, պահանջել էր սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Odnoklassniki և այլն, անձնական հաշիվների հղումներն ու օգտատերերի անունները:
Պարեկային ծառայության ստեղծման համար նախատեսված է ծախսել 15-17 մլն եվրո, որից 8 մլն եվրոն՝ Երևանում Պարեկային ծառայության ստեղծման համար։