Քաղաքականություն

Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում․․․

Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ… Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով:

Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:

Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին:

Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն:

Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ: Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ:

Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից:

Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին:

Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին:

Վանո Սիրադեղյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version