Երեկ գիշերվանից, ինչ ադրբեջանցիները փակել են Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը զրկվել են Գորիսին եւ Կապանին կապող հիմնական ճանապարհներից, իսկ այլընտրանքային ճանապարհներն այնպիսի վիճակում են, որ գյուղացիները դրանցից օգտվել առայժմ չեն կարող։
«Անտառի մոտով դեպի Տաթեւ տանող դաշտամիջյան ճանապարհներ կան, բայց շատ վատ պայմաններում են, էդտեղով հնարավոր չի, որ «Շտապօգնության» մեքենա կամ ուրիշ մեքենա գնա, միայն ամենագնաց մեքենաներով ա հնարավոր շարժվել։ Դրա համար էլ շարժը փակվել է հիմա։ Մարդիկ գնում, դրսից են սնունդ գնում, բայց դե դեռ չեն կարող»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավան գյուղի վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը։
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարելի է ասել՝ իրենք շրջափակման մեջ են ընկել։
«Այլընտրանքային ճանապարհ ունենք նախագծով, որը Կարմիր Խաչը ֆինանսավորեր, հրաժարվեց։ Հիմա սահմանապահ զորքերի հետ քննարկում ենք նման ճանապարհի հարցը, որով գոնե սնունդ մտնի, կամ, աստված չանի, հիվանդի տեղափոխման կամ էվակուացիայի հարց լինի»,– ասաց Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ գյուղի հատվածում իրավիճակը նորմալ է։
Արշակյանի խոսքով՝ գյուղի այլընտրանքային ճանապարհը կարգի բերելու համար 10-15 օր անհրաժեշտ կլինի։
Որոտանն գյուղը նույնպես ունի այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, դժվարանցանելի է, գյուղացիները դրանից օգտվել չեն կարողանում։
Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի տեղեկություններով՝ այսօր Որոտան ռուս խաղաղապահներ են հաց հասցրել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան–Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է, Կապանի քաղաքապետի հաղորդմամբ՝ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք նախատեսվում են այսօր ավելի ուշ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
Աղբյուր` news.am