Նիկոլ Պողպատունու թագավորության Գ տարում, երբ թշնամին անցել էր հայոց աշխարհի սահմանները և շարժվում էր Որոտանն ի վեր, երբ ռամիկներն ու ազնվականները անհանգիստ էին ասֆալտափռության ու ցարամտության տեմպերից, երբ արքունական գրչակները և դատարկախոս իմաստասերները շարունակում էին ճամարտակել, երբ նաժիշտ Անահիտը հայուն ոչ վայել չինթանով կտավ էր հրապարակում տաք ծովերից յուր դիմամատյանի էջում, աշխարհացունց իրադարձություններ էին տեղի ունենում հայոց ավագանու ոստանում՝ Ջոջաց ժողովում։
Մեծն մարշալ Բաղրամյանի սուրբ փողոցի մատույցներում հավաքված հայոց ավագանին արքայի գլխավորությամբ խորհրդի էր նստած։
«Չերկնչենք և չվախենանք քոքահանների բազմությունից, իսկ եթե հասել է ժամը՝ մեր կյանքը քացով հաստատելու այս պատերազմում, մարտն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ թիկնազորին չխառնենք։ Ով փախչի կամ նահանջի, թող վատանուն դառնա աշխարհում և զրկվի ծոցագրպանի հասույթից, իսկ ով քաջությամբ աչքի ընկնի, քաջի անուն կժառանգի, ու Ջոջաց ժողովի սեղանատը պատվի կարժանանա»,– այսպես սկսեց իր խոսքը հայոց զորքի քաջ զորավարներից մեկը։
Եվ Բաղրամյանի բարձունքներում հավաքված ժողովուրդը ծափերով ընդունեց իր զորավարի կոչը։ Միայն Աղազարենց տոհմից տասնապետ Հովհաննեսի մարմնով սարսուռ անցավ։
«Այո՛, ժամն է հասել, որ Ռոբ Պոպլավոկունին և իր գունդը ճաշակեն հայոց զորքի բազկի ուժն ու ոտքի կորովը։ Միայն բազկի ուժով է հնարավոր զսպել ներքին երկպառակությունն ու միավորել ժեխերին և պողոսներին»,- հավելեց թավշյա գնդի հրամանատար, Տավուշաց իշխան Վահե Ղալունին: «Հարվածները պետք է լինեն անկասելի, անսպասելի ու հետևից»,- միաձայն հաստատեցին հարևան շշաց գնդի մարտիկները։
Այսպես, ողջ գիշեր խորհելով առավոտյան ճակատամարտի մանրամասների վերաբերյալ՝ պողպատյան լեգիտիմ գունդը գնաց քնելու Բաղրամյանի ձախ ափին, Բարձր դատարանի հետևի մասում՝ վստահ, որ պայքարը սուվերենության թշնամիների ու հայրենիքի դավաճանների դեմ է, որ իրենց գործն արդար է, և հայրենյաց երկրի աստվածներ Թավիշն ու Պողպատը իրենց հետ են լինելու։
Լուսաբացին ամեն ինչ սկսեց հայոց պատմական՝ արա՛, արան դու ես, ա՛յ տղա, արան վզիդ նարդի խաղա մարտակոչով։
Արծրուն Ցողամարգցի պատմիչը հիշում է, որ քաջերը քաջերին բախվեցին, ու Բաղրամյան սուրբ փողոցի բարձունքում, որտեղ ճակատագրի բերումով նախկինում ննջեցյալների կեցավայր էր, երկու զորքերը կենաց-մահու կռիվ էին տալիս։ Ամենաակտիվն իհարկե թիկունքաց զարնող Ղալումյան իշխանի գունդն էր ու շշաց գնդի առաջնորդը։ Մարտի ընթացքում պողպատավորները ռազմական հնարք կիրառեցին, երբ բուժակի համբավ ունեցող Արսեն Սիգարետատյացը կեղծ նահանջ կազմակերպեց։
Ռոբ Պոպլավոկունու զորքերը բաժանված էին հետևել սկզբունքով՝ կենտրոնում Սեյրան Դղյակյացն էր Արցախ աշխարհից, ձախից Վահե Կոմբինատունին էր, իսկ աջից դաշնակաց զորքի սեպուհ, անվեհեր գործարար Իշխան Գեղարքունին։ Մարտը սակայն կարճ տևեց։
Շարունակությունը կարդացեք Medialab.am կայքում։