Եթե «Բարգավաճ Հայաստանը» և մյուս կուսակցությունները իրապես ցանկություն ունեն հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, պետք է օր առաջ հրաժարվեն իրենց բալաստից: Իսկ բալաստի անունն է՝ Վազգեն Մանուկյան:
Իհարկե, մի փոքր շրջահայացություն ունենալու դեպքում չէին էլ մտնի նման բեռի տակ, բայց սխալը կեսից հասկանալն էլ է օգուտ: Երկու ամսից ավել է, ինչ այդ մարդը հռչակվել է ընդդիմության առաջնորդ: Բացի վնասից, նա ոչ մի օգուտ չի տվել ընդդիմության հռչակած պայքարին: Նրա ամեն մի հայտարարությունից հետո ընդդիմադիրները ստիպված են կա՛մ խմբագրել նրա խոսքերը, կա՛մ էլ ներողություն խնդրել նրա փոխարեն:
Վազգեն Մանուկյանն, ըստ էության, չունի կուսակցություն կամ թիմ: Նրա միակ լուման ընդհանուր գործին պետք է լինեին քաղաքական տեքստերը և խոսքը: Մինչդեռ, այսօր այդ քաղաքական խոսքը դարձել է ընդդիմության ամենամեծ խնդիրներից մեկը: Իր ագրեսիվ, չհավասարակշռված խոսքով Մանուկյանը հիմնավորում է հասարակության վախերը հների վերադարձի դեպքում: Մարդիկ մտածում են՝ եթե հավակնորդը հիմա մարդկանց անվանում է բոմժ, ինչ կանի իշխանություն ունենալու դեպքում:
Ընդդիմադիրները պետք է մի փոքր ուսումնասիրեն Հայաստանի նորագույն պատմությունը և հասկանան, թե ինչ քաղաքական ապագա են ունենում Վազգեն Մանուկյանի դաշնակիցները: Եթե «Բարգավաճը» կամ Վանեցյանը ցանկանում են ընկնել ԱԻՄ-ի կամ ՍԻՄ-ի օրը, ապա խնդիր չկա, կարող են շարունակել Մանուկյանին ման տալ Հայաստանի քաղաքներով ու գյուղերով:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։