Սոցցանցեր

Սահմանամերձ դարձած Կութ գյուղը ընդամենը 1 առաջին դասարանցի ունի այս տարի

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է․

ՊԱՐՏՎԵԼ ԱՌԱՆՑ ԿՐԱԿՈՑԻ (ջնջվող ճակատագրեր)

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը, որը հայ հասարակության լայն շերտերին հայտնի դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում թշնամու կողմից անդադար թիրախավորվելու հետևանքով՝ ընդամենը 1 առաջին դասարանցի ունի այս տարի։

Մեկ աշակերտ է մտնելու առաջին դասարան։ Կարծում եք՝ երկրները ոչնչացվում են միայն զենքով ու կրակո՞վ։ Բնա՛վ։ Որոշված է այն պետության ճակատագիրը, որի սահմանային բնակավայրը 11-12 տարի անց զինվոր չի տալու։ Որի սահմանամերձ գյուղերում 12-15 տարի հետո հարսանիքներ չեն լինելու։ Հաշված են այն երկրի տարիները, որի ռազմավարական նշանակության համայնքներում 20 տարի անց բնակվողների միջին տարիքը լինելու է 50-60 տարեկանը, իսկ տնտեսությունների թիվը՝ տասնյակից պակաս։

Եթե չկան կենտրոնը սնող մշակութային, մարդկային ու հոգևոր առուներ, որոնք հետո կենտրոնը վերածելու են ծաղկող մեգապոլիսի, չի լինի շուտով նաև այդ կենտրոնը։

Մենք Երևանում ենք, որտեղ Պուշկինի անվան դպրոցում այնքան երեխա կա սովորող, որ դասապրոցեսը ստիպված են բաժանել օրվա երկու կեսի, իսկ դասասեղանների շուրջ միաժամանակ երեք երեխա են նստում, որ տեղ անեն։ Եվ դրան զուգահեռ՝ Կութի առաջին դասարանցին միայնակ մտնելու է դատարկ դասասենյակ, որտեղ ինքն է ու իր ուսուցիչը, որի պատուհանները սովետական են, ոչ թե եվրո, որտեղ չկա կենտրոնացված ջեռուցում, ինչպես Երևանի Չեխովի դպրոցում, այլ մի փայտից վառարան է, որի շուրջ ցուրտ ամիսներին մի աշակերտ ու մի ուսուցիչ այբբուբեն կսովորեն։

Ու մեզ կսպանեն առանց անգամ մի կրակոցի։ Այսպես լուռ, անտարբեր ինքներս մեր մահվան նկատմամբ, այսպես անհողդողդ կմաշվենք՝ կգնանք։ Կգնանք, քանի դեռ Կութում առաջին դասարան կմտնի ընդամենը մեկ աշակերտ։

Շնորհավոր Սեպտեմբերի 1, կութեցի Ժիրայր Գևորգյան, քեզ հույս ու հավատ, համառություն ու կամք, սկզբունքայնություն ու Հայրենիք եմ մաղթում, փոքրիկ ջան։

Ամենաընթերցվածները

Exit mobile version