Առողջություն

Քովիդից առողջանալուց հետո մարդկանց մոտ առողջական վիճակը սրվում է. դելտա շտամը առանձնանում է ծանր դեպքերի ավելացմամբ

Ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածների առողջական ընթացքի բարդացումը պայմանավորված է ՔՈՎԻԴ-19-ի դելտա շտամով: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք նախկինում վիրուսով վարակվելու ժամանակ չեն ունեցել խրոնիկ հիվանդություններ, վիրուսի ռիսկերից զերծ էին, նոր շտամով վարակվելու դեպքում՝ ոչ: «Դելտա շտամը առանձնանում է ծանր դեպքերի ավելացմամբ: Այն շատ ավելի արագ է ծանրանում քաղաքացիների մոտ: Վիրուսը ավելի երիտասարդացել է: Այս պայքարում մեր բոլորի լուման է պետք ներդնել՝ յուրաքանչյուրս ավելի պաշտպանված լինելու վարակից»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների մասով վիճակագրություն է վարվում, և նրանց ողջ տվյալները թվային ձևով ամրագրվում են: Նախարարությունը կհրապարակի տվյալները, նաև թե որն է վիրուսի հետևանքով մահացածության միջին ցուցանիշը: Ավանեսյանը շեշտեց՝ քովիդ կենտրոնները ապահովված են թթվածնային կայաններով և մնացած անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Քայլեր են ձեռնարկվում նաև՝ ձեռք բերելու այլ անհրաժեշտ սարքավորումներ:

Անդրադառնալով պատվաստանյութերի հարցին՝ նախարարի խոսքով՝ լրացվել է պատվաստանյութերի համար անհրաժեշտ սառնարանային պայմանների բացը. «Այս պահին պատրաստ ենք ավելի բարձր ռեժիմ պահանջող պատվաստանյութեր ձեռք բերել: Նոր պատվաստանյութեր լինելու են, բայց կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել»,- հավելեց նա՝ ահազանգելով՝ քովիդով վարակվելուց և առողջանալուց հետո մարդկանց մոտ առողջական վիճակը սրվում է, նկատվում է քովիդից հետո մարդկանց մոտ այլ հիվանդությունների աճ, իսկ վիրուսի դեմ պատվաստվելուց հետո որևէ առողջական խնդիր պատվաստվածների մոտ դեռևս չի գրանցվել:

Ամենաընթերցվածները

Exit mobile version