Արտաքին աշխարհ

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մանկապիղծ է ճանաչվել

Երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի մոտ ի հայտ է բերվել սեռական շեղման «մանկապիղծ» խանգարում։ Այս մասին հայտնում է НТВ-ն։

Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները, ովքեր անցկացրել են դատասեռահոգեբուժական համալիր փորձաքննություն: Այդ  շրջանակներում հետազոտվել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննվել է հիվանդանոցի անձնակազմը, որտեղ ժամանակին բուժվել է սպանվածը։ Հարցաքննվել են նաև Խաչատուրյանի հարազատները, նրա դուստրերի ընկերները, ինչպես նաև տան մոտակայքում գտնվող խանութների և սրահների աշխատակիցները։

Եզրակացության մեջ ասվում է նաև, որ Խաչատուրյանը մանիպուլյացիայի է ենթարկել շրջապատին՝ սպառնալիքների, բռնության դրսևորման, դաժանության, վիրավորանքի, նվաստացման միջոցով, ինչպես նաև կիրառել «ծեծ, ծաղր, ֆիզիկական և սեռական բռնություն»: Հորից ֆինանսական և բարոյական ուժեղ կախվածության մեջ գտնվող աղջիկները ստիպված համբերել ու տարել են բռնությունը:

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, Մոսկվայի Ալտուֆևսկոե մայրուղու իր բնակարանում: Նրա դուստրերը ՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, անձամբ էին զանգահարել ոստիկանություն և խոստովանել կատարվածը: Քույրերը մեղադրվել են դավադրությամբ սպանություն իրագործելու մեջ, մինչդեռ նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանական բնազդով։

Անցյալ տարվա գարնանը Խաչատուրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել երեք հոդվածով: Այս գործի շրջանակներում քննությունը նշանակել էր երեք փորձաքննություն` երկու հոգեբուժական (հետմահու Միխայիլ Խաչատուրյանի, ինչպես նաև նրա դուստրերի համար) և մեկ լեզվաբանական, որի նպատակը սպանվածի կողմից ուղարկված սպառնալից հաղորդագրությունների տեքստերի ուսումնասիրությունն էր:

Ամենաընթերցվածները

Exit mobile version