ՔՊ-ականների պարտականությունները՝ սեղմել կոճակը, պաշտպանել շեֆին
Արամ Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է.
Որքանո՞վ են ՔՊ-ական պատգամավորները պատասխանատու պատերազմում մեր նվաստացուցիչ պարտության եւ զոհերի համար: Եթե այդ հարցը տրվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 20-ը խորհրդարանում եղած «իմքայլականների» վերաբերյալ, ապա ես կասեի, որ նրանց պատասխանատվությունը նվազագույն է:
Այն որոշումները, որոնք ընդունում էր Փաշինյանը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, եւ թե՛ դրանից հետո, նա ընդունում էր միանձնյա, առանց որեւէ մեկի հետ անգամ խորհրդակցելու՝ այդ թվում արտգործնախարարի կամ ԱԺ նախագահի հետ: «Իմքայլականների», իսկ այնուհետեւ՝ ՔՊ-ականների պարտականությունների շրջանակը բավականին նեղ է՝ սեղմել «ճիշտ կոճակը», ինչպես նաեւ խորհրդարանի ամբիոնից, հարցազրույցներում եւ ֆեյսբուքում պաշտպանել իրենց շեֆին ու նրա ընդունած բոլոր որոշումները եւ «բարոյապես ջախջախել» նրա բոլոր ընդդիմախոսներին:
Նրանք, ովքեր խորհրդարան էին գնում 2018-ին, կարող էին եւ չիմանալ, թե որն է իրենց իրական գործառույթը: Սակայն 2021 թվականին՝ ազգային աղետից հետո ԱԺ իշխանական պատգամավոր դառնալը նշանակում է պատասխանատվություն վերցնել այն որոշումների համար, որոնց ընդունմանը նրանք երբեք չեն մասնակցել ու չեն էլ մասնակցելու: