Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
Այս նիստին դատարան էին հրավիրվել երկու վկա՝ Ալբերտ Պետրոսյանը և Սոնա Թորոսյանը։
Սոնա Թորոսյանը Նազիկ Ամիրյանի գործով տուժող Պետրոս Թորոսյանի դուստրն է։ Նրա խոսքով՝ գեներալ Մանվել Գրիգորյանը սպառնալիքներով իր հորից խլել է վերջինիս պատկանող բենզալցակայանը, որ դեռևս կառուցման փուլում էր և գտնվում էր Էջմիածնում։ Վկայի տեղեկություններով՝ այդ բենզալցակայանը ներկայումս պատկանում է Նազիկ Ամիրյանին։
Վկա Ալբերտ Պետրոսյանը դատարանում հարցաքննության ժամանակ հաստատեց այն տեղեկությունը, որ Պետրոս Թորոսյանին պարտադրել են տալ բենզալցակայանը Մանվել Գրիգորյանին. «Պետրոս Թորոսյանի հետ և՛ հարևաններ ենք եղել, և՛ ժամանակին աշխատանքային ընկերներ։ Երբ ես 2003թ. Ռուսաստանից եկել էի Հայաստան՝ Պետրոս Թորոսյանը եկել է իմ տուն և ասել, որ իրեն պարտադրում են բենզալցակայանը զիջել Մանվել Գրիգորյանին։ Ես Մանվել Գրիգորյանի հետ էլ ժամանակին աշխատել եմ, աշխատանքային ընկերներ ենք եղել»։ Վկայի խոսքով՝ ինքը Պետրոս Թորոսյանի հետ հանդիպել է Մանվել Գրիգորյանի օգնականին՝ «ճուտին». «Խոսակցություն գնաց Պետրոսի հետ, որ անպայման պետք է այդ բենզալցակայանը տա, և գումարային խոսակցություն գնաց։
Գումարի չափը չեմ հիշում։ Ես էլ ասացի՝ կոնտակտ տվեք, զանգեմ գեներալին, ինձ էլ ասացին՝ դու հանգիստ կանգնի տեղդ, քո գործը չի։
«Ճուտն» ասաց՝ այդ հարցը հանձնարարված է մեզ, մենք էլ պետք է լուծենք, գեներալը ոչ մեկի հետ գործ չունի։ Դրանից երկու օր հետո ես գնացել եմ Մոսկվա, հետո երբ վերադարձել եմ Հայաստան, իմացել եմ, որ բենզալցակայանը հանձնվել է։ Թե Պետրոսին դրա դիմաց ինչ են տվել կամ չեն տվել՝ ես դա չեմ կարող ասել»։
Վկայի խոսքով՝ գումարի խոսակցությունից միայն մի հատված է հիշում. «Ես հիշում եմ, որ Պետրոսն ասաց՝ 5000-8000 դոլարը ըսկի շինանյութի գումարը չի կազմում՝ ես ոնց հա՛մ բենզալցակայանը տամ, հա՛մ շինանյութը»։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, իրեն պատկանող ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար։