Ինչպես շատերդ հիշում եք, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ես նախաձեռնել էի վարտիքով ակցիա՝ դրանով իմ բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանությունների դեմ: Ակցիան մեծ հնչեղություն ստացավ մամուլում և սոցիալական ցանցերում, որից հետո ես ստացա համացանցում իմ անձն ու արժանապատվությունը վարկաբեկող վիրավորանքներ և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ: Մտահոգված լինելով իմ անվտանգությամբ՝ ես հուլիսի 27 համապատասխան դիմումով դիմել եմ ստիկանության Գարեգին Նժդեհ բաժին: Ներկայացնելով բոլոր փաստերը, որով հնարավոր էր նույնականացնել սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնողների ինքնությունը՝ պահանջել եմ քննության առարկա դարձնել համացանցում իմ անձը վարկաբեկող մեկնաբանություններն ու սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել սպառնալիքների հեղինակներին: Նշեմ, որ ի սկզբանե անգամ գործի մանրամասներին ծանոթ չլինելով՝ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ինձ համոզել ետ վերցնել դիմումը՝ հիմնավորելով, թե գործն ի սկզբանե արդեն փակուղու մեջ է:
Ինչևէ, օրերս ինձ կանչում են ոստիկանության Գարեգին Նժդեհին և տեղեկացնում, որ գործը փակված է և ոչինչ հնարավոր չէր պարզել: Այնպիսի տպավորություն էր, որ աշխատակիցները միտումնավոր չէին ուսումնասիրել իմ կողմից ներկայացված և ոչ մի փաստ, այլապես հեշտությամբ կարող էին նույնականացնել սպառնալիքների հեղինակներին: Իմ դիմումը քննող աշխատակից Կամո Ալեքսանյանն ինձ խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն այն ժամանակ, երբ որ օրինակ փողոցում ենթարկվեմ հարձակման, ասել է թե, կարձագանքենք, երբ սպառնալիքներն իրականանան:
Այսպիսով, կարող եմ հետևություն անել, որ իմ նկատմամբ հնչած սպառնալիքների գործով դիմումը միտումնավոր կարճվել է իշխանության ուղղորդմամբ: Համացանցում վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները միտված են միայն իշխանությանը սպասարկելու համար, ինչը որ բռնապետության հիմնական գործիքներից մեկն է: