Քաղաքականություն

Ադրբեջանցին հայ զինծառայողի օգտահաշվով 10 ամիս կապի մեջ է եղել նրա մոր հետ

Ադրբեջանցին հայ զինծառայողի օգտահաշվով 10 ամիս կապի մեջ է եղել նրա մոր հետ. Արցախի ՄԻՊ

Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը, չորս ժամ գտնվել է գերության մեջ, հետո ռուս խաղաղապահների օգնությամբ կարողացել են վերադարձնել, այդ ընթացքում նրա նկատմամբ կիրառվել էին խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք, մասնավորապես, աջ ոտքի վնասվածք էր ստացել և գտնվում էր հոգեբանական շատ ծանր վիճակում։

Այդ մարդն ուներ հոգեբանական խնդիրներ, այս պարագայում հաշվի չեն առել անգամ այդ խնդիրները»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: Նրա խոսքով նման անմարդկային վերաբերմունք ադրբեջանցի զինծառայողները ցուցաբերել են ոչ միայն հայկական կողմի՝ գերեվարված ու զոհված զինծառայողների նկատմամբ, այլ նաև անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ։

«Պատերազմի ժամանակ մեր զինծառայողների հեռախոսները հայտնվել են ադրբեջանական զինվորների ձեռքին, նրանք պարբերաբար օգտագործել են մեր զինծառայողների սոցիալական ցանցերի օգտահաշիվները՝ նրանց հարազատներին ցավ պատճառելու համար։

Կա դեպք, անհետ կորած զինծառայողի օգտահաշիվն օգտագործվում էր ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրա մորը հաղորդագրություններ էին ուղարկում, հավանում էին մոր լուսանկարները։ Այսինքն, փորձ էր կատարվում հարազատներին պահել ծանր իրավիճակում։

Պատերազմի ավարտից տասն ամիս անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հայ զինծառայողի մահվան փաստը, ինչից հետո նրա մայրը ջնջել է այդ օգտահաշիվն ու այլևս չի հաղորդակցվել»,- պատմեց Գեղամ Ստեփանյանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version