«Հատիկ-հատիկ սաղդ պատասխան եք տալու»․ ՔՊ-ականների և լրագրողի միջև միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել (Տեսանյութ)
Այսօր ՀՔԾ-ից ստացել եմ որոշում` սույն դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Իրմա Ճաղարյանը:
«Դեպքի առթիվ դեռևս ձմռանը ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, որի շրջանակում ՀՔԾ քննիչը կայացրել էր որոշում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Քննիչի որոշումը բողոքարկվել էր Դատախազություն։
Բնականաբար, բողոքը մերժվել էր։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով մեր կողմից քննիչի և դատախազի որոշումների դեն ներկայացված բողոքը, բավարարել էր մեր պահանջը։ Հետագայում Դատախազության կողմից համապատասխան բողոք էր հասցեագրվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը, քննելով բողոքը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր օրինական ուժի մեջ։ Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարան (ամենայն հավանականությամբ, մերժվել է)։
Արդյունքում իմ հարգելի գործընկերներին այլ բան չէր մնում, քան քրեական գործի հարուցումը։ Սպասենք հետագա զարգացումներին», – գրել է փաստաբան Իրմա Ճաղարյանը։
Խոսքը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վերջինս, ի դեպ, նախկին լրագրող, վիճաբանության մեջ էին մտել 5-րդ ալիքի թղթակցի հետ՝ հեռուստաընկերության եթերում ցուցադրված ռեպորտաժի համար, որը նրանց դուր չէր եկել։ Պողոսյանը հարվածել էր լրագրողի ձեռքին գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին:
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին պատմող տեսանյութը՝ ստորև։