«Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Իրենք տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել է: Այսինքն իրենց տեղակայման տեսակետից բան չի փոխվել, ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը: Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե ադրբեջանական, թե հայկական կողմերը: Ըստ Սովետական միության քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ»: Այս մտքերի հեղինակը ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն է։
Նրա կարծիքով, այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը. «Մենք գնում ենք այդ ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: ․․․ Դրանք կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երևույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը», ասել է նա:
Վարչապետի գլխավորությամբ ՀՀ իշխող վերնախավի «խաղաղության օրակարգի» փաստարկների ու բովանդակության դատարկության մասին շատ է գրվել ու խոսվել։ Երեւում է, որ իրենք էլ պատկերացում չունեն ինչ է դա եւ «ծրագրավորված» են նման մտքեր արտաբերելու, քանի որ կատարում են արտաքին հրահանգ կամ առաջադրանք։ Եթե այդպես չլիներ, ներկայիս զարգացումների քիչ թե շատ համարժեք ընկալումներ ու ինքնուրույնություն ունենալու պարագային նման մտքեր չէին արտահայտի ու չէին զբաղվի Բաքվի ու Մոսկվայի փաստաբանությամբ։
Խորհրդային սահմաններ վաղուց չկան ու չեն էլ եղել։ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերից ու «խաղաղ դարաշրջան» հաստատելուց հետո էլ շարունակվել է Հայաստանի տարածքների նվիրաբերումը Բաքվին։ Այդպես են առաջացել «անկլավների» մեծ մասը, Լաչինի «միջանցքը» եւ այլն։ Հիմա էլ շարունակվում է նույն գործընթացը՝ Արցախում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Մոսկվան ու Բաքուն «սահմաններ» են գծում զինված ներխուժումների, գերի-պատանդների շանտաժի ու սպառնալիքների միջոցով, չկատարելով որեւէ պարտավորություն։
Դառնալով հանձնաժողովի նախագահին, արժե հարցին հարցով պատասխանել՝ իսկ դու գիտե՞ս, Էդո, թե ինչպես է կոչվել այդ լիճը մինչեւ Չայզամի կոչվելը։ Չայզամի կոչողները խաղաղության օրակարգով չէին առաջնորդվում։
lragir.am