Առողջություն

Օփիոիդային թմրամիջոցների ծանր վնասների մասին

Օփիոիդային թմրամիջոցների ծանր վնասների մասին

Ափիոնատիպ նյութերի կամ օփիոիդային թմրամիջոցների խումբը (դասը) ներառում է քնաբեր կակաչից (Papaver somniferum, խաշխաշ) ստացվող թմրաբեր ալկալոիդները դրանց կիսաարհեստական ածանցյալները, արհեստական ճանապարհով սինթեզվող համարժեքները:

Համաձայն պաշտոնական վիճակագրության, ափիոնատիպ նյութերի անօրինական գործածումն իր տարածվածությամբ Հայաստանում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման տարածվածությանը:

Ափիոնատիպ նյութերից կախվածությունը զարգանում է բավականին կարճ ժամանակում (հաճախ մեկ-երկու անգամ գործածման արդյունքում) և արագորեն հանգեցնում առողջական, սոցիալական և իրավական բացասական հետևանքների:

Ափիոնատիպ նյութերից կախվածությանը բնորոշ է ափիոնատիպ նյութերի նկատմամբ առաջացող արտահայտված հիվանդագին հակումը, թմրամիջոցի հերթական չափաբաժինն ընդունելու անհաղթահարելի պահանջը, ծանր զրկանքի համախտանիշը՝ արտահայտված մկանացավերով, քնի խանգարումներով և սոմատովեգետատիվ այլ խանգարումներով:

Ափիոնատիպ նյութերի մշտական գործածումը զրկում է անձին իր հիմնական զբաղմունքներից, հետաքրքրություններից և պարտականություններից, ինչը հասարակությունից աստիճանական օտարացման, միջանձնային, աշխատանքային և ներընտանեկան կապերի խզման պատճառ է դառնում: Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձինք, պարտադրված լինելով վերահաս զրկանքից խուսափելու համար յուրաքանչյուր օր ապօրինի ճանապարհով հայթայթել թմրամիջոցի հերթական չափաբաժինը, կատարում են իրավախախտումներ և հանցագործություններ:

Ափիոնատիպ նյութերն օգտագործվում են գլխավորապես ներերակային ներարկման եղանակով, ինչն առավել վտանգավոր է դարձնում այս խմբի թմրամիջոցները՝ պայմանավորված արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների, տարածման վտանգների մեծացմամբ:

Ափիոնատիպ նյութերի ապօրինի գործածմամբ պայմանավորված տնտեսական վնասներն ու առաջացող խնդիրների լուծման ծախսատարությունը բավականին մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ հասարակության և պետության համար:

ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում իրականացվում է ափիոնատիպ նյութերից կախվածության բուժում երկու եղանակով.

դետոքսիֆիկացիոն բուժում

օփիոիդային ընկալիչների ագոնիստներով փոխարինող բուժում։

Պացիենտներին տրամադրվում է նաև հոգեբանի և սոցիալական աշխատողի աջակցություն։

Հարգելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք թմրամիջոցներից. դրանք խիստ վտանգավոր են ձեր կյանքի և առողջության համար։

#կախվածություն #addiction #կախվածություններ #թմրամիջոցներ #opioids

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Ամենաընթերցվածները

Exit mobile version