Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Սույն գործով Օնիկ Գասպարյանը խնդրել է ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը՝ ներկայացնելով ճանաչման հայց:
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ընդունված հրամանագիրը, որը հաստատվել է 10.03.2021թ. վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, (թիվ ՎԴ/2029/05/21 վարչական գործը, որը գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում) վարչական գործը, այսինքն՝ հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար նշված գործի շրջանակներում կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է սույն գործով վեճի առարկայի հիմքում ընկած զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագիրը:
Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել իր խախտված իրավունքը վերականգնել վիճարկման հայցի շրջանակներում, որպիսի հնարավորությունն էլ օգտագործել է, հետևաբար վերջինս չէր կարող ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով։
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ՝ պարզելու՝ արդյոք դատարանի որոշումը բողոքարկվելո՞ւ են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Օրբելյանը հայտնեց, որ հավանաբար կբողոքարկեն. «Ինչը չի նշանակում, որ մեր ունեցած տեղեկությունների և մեր պնդումների շրջանակներում որևէ սկզբունքային անհամաձայնություն ունենք: Դա ավելի շատ նշանակում է, որ ինստիտուտի մեկնաբանման ոչ միանշանակության հարց կա, որպեսզի բուն գործիքակազմի բացթողնելու խնդիր չլինի, հնարավոր է բողոքարկենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն՝ ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։
Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա Վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում: Հետևաբար դատարանը զուգահեռաբար երեք հայց իրար հետ չէր կարող քննել, այդ իսկ պատճառով Մհեր Պետրոսյանին մակարգրված վարույթը կարճվել է: