Քաղաքականություն

Ադրբեջանը հաստատեց, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների է ձերբակալել

Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության», – ասված է հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հայտնել է, թե ձերբակալված վարորդներն «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ հայտարարությունները:

Խոսքը վերաբերում է իրանական բեռնատարներին, որոնք անցնում են այդ մայրուղու հատվածով, որտեղ նախօրեին տեղադրվել է ադրբեջանցիների ոստիկանական անցակետը։

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական ​​տուրք վճարելու` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար` «Պետական ​​տուրքի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտնել են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version