«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով:
Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են, թե չեն ցանկանում Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, և նա պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների տարբերակներ են քննարկվում նաև կուլիսներում, և իշխանությունը կանգնած է լուրջ խնդրի առջև: Բանն այն է, որ իրենք որքան էլ ցանկանան արտահերթ ընտրություններ անցկացնել, դրա համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, գործընթացներ, որոնք լի են խոչընդոտներով:
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ պետք է ընտրվի 66 կողմ ձայնով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծես համակարծիք չէ այդ տարբերակի հետ և իշխանական գործիչների հետ տարբեր զրույցների ժամանակ հայտարարել է, որ երբ Փաշինյանը հրաժարական տա, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Վերջինս նաև բանակցությունների մեջ է ԲՀԿ-ի հետ, իսկ հայտնի է, որ խորհրդարանական երկրորդ ուժը վարչապետի թեկնածու առաջադրելու մասով հավակնություններ չունի, հետևաբար խորհրդարանում մնում է առաջադրվող միակ թեկնածու Մարուքյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ պատգամավորներից մեկն էլ նման հավակնություններ ունի, իսկ սա նշանակում է, որ խորհրդարանի լուծարման իրավական գործընթացը հագեցված է խոչընդոտներով:
Ու դատելով այս իրավիճակից՝ կարծես թե Նիկոլ Փաշինյանը հակված է հերթական ընտրությունների գնալու: Ամեն դեպքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ակտիվ հանդիպումներ կազմակերպելու հրահանգ տվել է՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այնուամենայնիվ, ընտրությունների կոնկրետ ժամկետ դեռ չի շտապում ասել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: