Ես ընդամենը մեկ ժամ առաջ եմ միայն իմացել պարգևավճարների մասին, այնպես որ դրանցից հրաժարվելու մասին որևէ քննարկում դեռ չի եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ հրաժարվելու են Անկախության տոնի առթիվ հատկացված պարգևավճարներից՝ հնարավո՞ր է իշխող խմբակցությունը նույնպես հրաժարվի դրանցից։
Հարցին, թե որքանով էր նպատակահարմար հետպատերազմական վիճակում գտնվող երկում, երբ առկա են բազմաթիվ չլուծված սոցիալ տնտեսական խնդիրներ՝ ամբողջ պետական ապարատին պարգևավճարներ բաժանել, արդյոք սա մեծ ծանրաբեռնվածություն չէ՞ պետբյուջեի համար՝ նա ասաց, որ կդժվարանա գնահատական տալ, քանի որ որոշման կայացման ակունքներում կանգնած չէ։ «Պետական պաշտոնյաներն աշխատում են, կառավարությունը կամ ԱԺ ղեկավարությունը կարող են նման որոշում կայացնել հիմա, թե իրենք այդ որոշումը ինչպես են հիմնավորում՝ ես չգիտեմ»։
Նա նշեց, որ ինքն անձամբ չի հրաժարվի։ «Ես արդեն մի քանի տարի է իմ աշխատանքի համար ամենամսյա գումար է գնում, տարբեր առիթներով տարբեր մարդկանց հետ հանդիպումներում տարբեր տեսակի ծախսեր են լինում։ Մենք այդ ամենը հո չենք կարողանում բարձրաձայնել, բարձրացնել, իսկ այն մարդը, որ իրեն կարող է թույլ տալ ուղղաթիռով մի կետից մյուս կետը տեղաշարժվել, նա կարող է հրաժարվել»։