«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ քննարկել են օլիմպիական խաղերի հետ կապված մի շարք հարցեր։
«Օլիմպիական խաղերի մասնակիցների առջև 15 տարի առաջ է առաջադրանք դրված եղել, որ մենք հիմնականում միասին, միասնական աշխատանքներ ենք տարել, մարզադպրոցներ ենք բացել, ուշադրություն դարձրել, ֆինանսավորել։ Այսօր բոլորդ էլ տեսնում եք, որ Հայաստանն այդ առումով միշտ ճանաչված է եղել։ Մեր մարզիկներն այսօր ցանկացած մրցույթից վերադառնում են մեդալով, մեկի փոխարեն՝ երկուսով։ Սա մեր ազգի հպարտությունն է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Երբ լրագրողները Գագիկ Ծառուկյանին խնդրեցին մեկնաբանել մի քանի ներքաղաքական հարցեր, նա սկզբում հրաժարվեց, իսկ հարցին՝ դեռ քաղաքականության մե՞ջ է, պատասխանեց. «Իհարկե քաղաքականության մեջ եմ»։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու հանգամանքին, Գագիկ Ծառուկյանը նկատեց՝ այս պայմաններում, ստեղծված իրավիճակում ՏԻՄ ընտրություններին մասնակցելը «մեզ ի՞նչ է տալու»։
«Օրինակ, խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը, լիարժեք հետևելով, ծանոթանալով երկրի վիճակով պայմանավորված, ճանապարհային քարտեզը մեր ժողովրդին ներկայացնելով՝ ասել ենք, որ ինչ պետք է լինի, ինչից ինչ լինի։ Ես ներկայացրել եմ, որ մենք պատրաստ ենք, սա է իրավիճակը, իմ կապերը, հնարավորությունը, ծրագիրը։ Հիմնականում մենք չենք կարողացել ժողովրդին ասել՝ ինչու մեզ չընտրեցիք»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դրա մասին հաղորդագրություն եղել է։
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե մինչև վերջ գնալու է, Գագիկ Ծառուկյանը շեշտեց. «Այո՛, ասել եմ՝ մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ գնացել եմ, մինչև վերջին պահը իմ տեսակետը, պատկերացումը ներկայացրել եմ»։
Հաջորդ հարցին՝ կրկին պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր այնպիսի ընդդիմություն կա, նրանք ավելի արմատական են, որ իրենք այսօր այդ գործն անում են, մեզանից ինչ կախված է՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու»։
Իսկ եթե ինչ-որ գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞՝ հարցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եղբայր ջան, ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա։ ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է կառուցողական»։