Ս․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել Մասիսում գտնվող գարեջրատներից մեկի հետնամասում, Ռ․Զ․-ին դանակով երեք անգամ հարվածներ հասցնելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ռ․Զ․-ն Ս․Ս․-ի եղբոր ներկայությամբ վիրավորական արտահայտություններ է արել, այն է՝ նրան մեղադրել է ոչ բնական եղանակով սեռական հարաբերության ունենալու համար և պահանջել է մեղադրյալի եղբորը, որ իր հետ նույն սեղանի շուրջ չնստի, հեռանա գարեջրատնից:
Վերջինս դուրս է եկել, զանգահարել է եղբորը և տեղեկացրել Ռ․Զ․-ի կողմից նրա հասցեին հնչեցված արտահայտության մասին: Վերջինս գնացել է գարեջրատուն, վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Ս․Ս․-ն տաբատի գրպանից հանել է ծալվող շեղբով, գաղտնի փականով դանակը, որով երեք անգամ հարվածներ է հասցրել Ռ․Զ․-ին և աջ գոտկային շրջանի մեկ հատ, ձախ գոտկային շրջանի թվով երկու հատ կտրած-ծակած, թափանցող վերքեր՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, հաստ աղիքի վնասվածքների, ձախ 11-րդ կողի կոտրվածքի, ներքին և արտաքին արյունահոսության ձևով նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։ Առաջիկա նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։