«Աստվա՜ծ, փրկի՛ր մեզ, որ մենք էլ կարողանանք վիրավորներին փրկել»․ հենց այս մտքով են ՊՆ N զորամասի գումարտակներից մեկի բուժակ Վարդգես Չիչակյանը եւ նրա գործընկերները շտապել պատերազմական գոտի՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու: Վիրավոր եւ վատառողջ զինվորների հետ աշխատելը նրա ապրելակերպի մի մասն էր, սակայն նույն գործառույթը պատերազմի ժամանակ կատարելը նորություն էր:
Ամեն անգամ կանչ ստանալիս եւ առաջնագիծ ուղեւորվելիս ճանապարհն անվերջ էր թվում, անասելի սարսափեցնող. չգիտեին՝ այս անգամ քանի զոհի կտեսնեն, քանի վիրավորի, քանիսին՝ թեթեւ վնասվածքով, քանիսին՝ ծանր, քանիսին կկարողանային փրկել, իսկ քանիսի կյանքի թելը կկտրվեր օգնություն տրամադրելիս: Լարվածությունն ու վախը հաղթահարելու համար շատ հաճախ շտապօգնության մեքենայի մեջ բարձրաձայն աղոթել են, վերջում էլ մի քանի անգամ գոռացել «Ամեն»:
Մեկ տարուց ավելի է, ինչ Վարդգեսը աշխատանքի է անցել ՀՀ բանակում, բայց նրա մտքով անգամ չի անցել, որ մի օր մասնագիտական պարտականությունն իրականացնելու է պատերազմական պայմաններում:
«Եթե նույնիսկ քո մասնագիտությանը տիրապետում ես իննսունինը տոկոսով, միեւնույնն է, պատերազմի ընթացքում դա բավական չէ, պետք է փորձես երկու հարյուր տոկոսով աշխատել»,- նշում է Վարդգեսը:
Մարտի դաշտում բժշկական օգնություն տրամադրելը բավականին բարդ էր, եւ խնդիրը միայն անհրաժեշտ բոլոր իրերի եւ հիվանդանոցային պայմանների բացակայությունը չէր․ ամենադաժանը մահվան ծանրությունն ու ցավի աղաղակներն էին, որ թույլ չէին տալիս կենտրոնանալ: Ֆելդշերները հիմնականում առաջին օգնություն էին ցուցաբերում եւ հնարավորինս արագ փորձում վիրավորներին հասցնել հիվանդանոց:
Ավտոմեքենայի մեջ ամենից շատ հնչում էր «Բժի՛շկ, ես կապրե՞մ» հարցը, նույնիսկ ոտք կամ ձեռք կորցնելը այդ պահին էական չէր, կարեւորը կենդանի մնալն էր։
Վարդգեսը պատերազմի օրերի մեծ մասը անցկացրել է Ջաբրայիլում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջնագծից մի քանի կիլոմետր հեռու: Մեծ մասամբ գիշերել են բաց երկնքի տակ, զինվորական պաշտպանիչ հագուստ եւ զենք են ունեցել, որ անհրաժեշտության դեպքում կարողանան հակահարված տալ։ Մասնագիտական բուն գործառույթներից զատ՝ նաեւ թիկունքի աշխատանքներին են մասնակցել․ ազատ ժամանակ սնունդ են տեսակավորել զինվորների համար, զենքեր մաքրել եւ լիցքավորել, երբեմն նաեւ զինամթերք տեղափոխել:
Առաջնագծում կռվող տղաների քաջությունը երբեք չի մոռանա, ասում է՝ շատ հաճախ հենց զինվորներն էին շտապեցնում արագ վիրակապել իրենց, որ վերադառնային մարտադաշտ:
Ամբողջությամբ կարդացեք aliqmedia.am կայքում։