Գրեթե չեմ հետեւում Վանոյի հասցեին ֆեյսբուքյան զառանցանքներին. ինչ բարբաջանք էլ որ կարդացել եմ` պարզապես պատահաբար աչքովս է ընկել` սկսած մի «արվեստագետ» տիկնոջից, որ Վանոյի մահվան մասին բոթից վայրկյաններ անց Ֆեյսբուքում հերթապահում էր, որ յուրաքանչյուր դրական գրառման տակ բարբաջի։ Եթե դու ես արվեստագետ, ուրեմն` Հայաստանում «արվեստագետ» նշանակում է` փեշերը գետնին թափած բոշա, որ ամեն անցորդի աչքն է մտցնում թեւի տակ դրած մաղը կամ կեղտոտ ծամոնը։
Բայց ա՛յ էս դեղնակտուց լակոտիկի զառանցանքն անպատասխան թողնել չեմ կարող եւ իրավունք չունեմ։
Երկար–բարակ բարբաջելուց հետո Վանոյի հասցեին, մեկ էլ` գրում է.
«Մաթւոսյանը ոտից գլուխ պարտականա Վանոյին…(Վանոնա նշանակել ԳՄ նախագահ)Մաթւոսյան չեմ սիրում ու չեմ էլ կարդա»։
Հրանտ Մաթեւոսյանին նկատի ունի։
Կարելի է այստեղ գրել` տո՛ ջհանդամը կարդաս, այ ինքնագոհ փուչիկ, ճիշտ էլ անում ես, որ չես կարդում, մեկ է` կարդաս էլ` բան չես հասկանա – ու այսքանով բավարարվել, բայց ինչի՞ ու մինչեւ ե՞րբ անմեղսունակին ասենք անմեղսունակ ու կողքով անցնենք, երբ տեսնում ենք, որ էս լռությունը նպաստում է միայն նորանոր անմեղսունակների բազմացմանը։
Թշվառ կիսագրագետների անմեղսունակ ոհմակ, Վանո Սիրադեղյանն ուղղակիորեն խնդրել է Հրանտ Մաթեւոսյանին, որն արդեն իսկ` ՎԱՂՈՒՑ աշխարհում ճանաչված, քանիցս թարգմանված, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, եւ ի դեպ` նրան այդ մրցանակին էր ներկայացրել հենց ԽՍՀՄ գրողների միությունը, ոչ թե Հայաստանի, կրկնում եմ` Վանոն ԽՆԴՐԵԼ ԷՐ Մաթեւոսյանին` իր հեղինակությամբ փրկել միջակությունների ձեռքին ավերվող Գրողների միությունը, ու Հրանտը չէր ցանկացել Վանոյին մերժել։ Ընդամենը։
Վե՛ր ընկեք էլի տեղներդ. շրթներկից խոսեք, օծանելիքից, ասֆալտից, կրեմով տորթից… Ինչ զիբիլի մասին ուզում եք խոսեք, բայց` ոնց որ Վանոն է ասել. «Մի՛ մտեք մեր լեզվի (գրականության – Լ.Ճ.) տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»։