2020-ի դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «ֆեյք»։
«Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան»,- հայտարարել էր Վանեցյանը՝ հավելելով, որ «վիրտուալ հայրենիքում» արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ թվացյալ հավանությունը՝ լայքը։
Վանեցյանի այս հայտարարությունը միակ դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները միմյանց մեղադրում են ֆեյքերի բանակ ունենալու և դրանցով հասարակական լայն աջակցության իմիտացիա ստեղծելու մեջ։
«Փաստերի ստուգման հարթակը» վերջին ամիսներին ուսումնասիրել և բացահայտել է տարբեր քաղաքական գործիչների և ուժերի կողմից ուղղորդվող կամ նրանց հարող կեղծ օգտահաշիվների գործունեությունը սոցիալական ցանցերում։
Առաջինը ներկայացնում ենք Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի օգտին աշխատող կեղծ հաշիվների «բանակը»։
Ֆեյսբուք
«Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկման արդյունքում հաջողվեց Ֆեյսբուքում ֆեյքերի ուղղորդված «բանակ» բացահայտել։ Այս խումբը կազմված է առնվազն 160 օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ է։ Այս կեղծ էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։ Ուսումնասիրվել են բացառապես այս պահին ակտիվ գործունեություն ծավալող կեղծ օգտահաշիվները։ Չի բացառվում նաև, որ գոյություն ունեն նախկինում գործարկված, սակայն ներկայում պասիվ և որևէ գործունեություն չծավալող օգտահաշիվներ, որոնց բացահայտումը բարդ կամ նույնիսկ անհնար է։