ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 34-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի վայրը, շարժառիթը, տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը, 34-ամյա ընկերուհու հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ ձեռք են բերել «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենա և գրանցել տղամարդու անվամբ: Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկանալով, որ ընկերուհին մտերմիկ հարաբերությունների մեջ է Արմավիրի մարզի մեկ այլ բնակչի հետ և պատրաստվում է ամուսնանալ, փորձել է խոչընդոտել, ինչի արդյունքում նրանց միջև ձևավորվել են լարված հարաբերություններ, որի ընթացքում բազմիցս հնչեցրել է սպանության սպառնալիքներ, պահանջել վերադարձնել համատեղ գնված և իր անվամբ ձևակերպված վերոհիշյալ ավտոմեքենան:
Առկա տարաձայնությունները կարգավորելու համար տղամարդը և կինը պայմանավորվել են և 2020թ. դեկտեմբերի 25-ին հանդիպել Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում, որտեղ տղամարդը, խանդի և վրեժի շարժառիթով, կնոջն սպանելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած և ապօրինի պահած, գործով չպարզված «ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգից երկու կրակոց է արձակել, որոնցից մեկը դիպել է ավտոմեքենայի դռներին, իսկ մյուսը՝ կնոջը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող, կրծքավանդակի, որովայնի և ձախ բազկի համակցված հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ և շոշափող վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: