Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժիրայր Լիպարիտյանն իմ ճանաչած ամենապարկեշտ ու քաղաքավարի մարդկանցից մեկն է, և անգամ տեսագրությունից ակնհայտ էր, թե որքան ապշած էր ԱԺ-ում հարց տվողների անհարգալից տոնայնությունից։ Թվում էր, թե այդ միջադեպով թեման կփակվեր, բայց անմիջապես հետո ով-ովքեր, կարծես ցանցային լռելյայն կամ ոչ այնքան լռելյայն համաձայնությամբ, շղթայականորեն ու հաջորդաբար նողկալի հայտարարություններ արեցին նրա հասցեին։
Միամիտ կլինի կարծել, որ խնդիրը անհատի մեջ է, թեպետ նկատի առնվածները անհատական առումով էլ անտագոնիզմ կունենան այս պարագայում։ Արդ, նպատակը ռացիոնալ դիսկուրսի հերթական անգամ ոչնչացումն է, երբ փոխանակ քննարկվի խնդրո առարկայի բովանդակությունը, կենտրոնում դրվում է կարծիք հայտնողը և պիտակավորվում։ Կարծես կրկին հետևողական ջանք է թափվում թույլ չտալու հանրային դիսկուսիա` ըստ էության։Մեր քաղաքական համակարգի այսօրվա կաթվածահար վիճակը թելադրված է նաև հենց այդ դիսկուրսի բացակայությամբ, այլ կերպ ասած` կամ բազմախոսություն է կամ մենախոսություն։ Հիմա, միջազգային մակարդակի դիվանագետը դժվար թեմաներից խոսելու համարձակություն է ունենում, ու միանգամից կրակահերթի տակ հայտնվում։ Անշուշտ, սրանով Ժիրայր Լիպարիտյանին չեն լռեցնելու, սակայն այդպիսի հարձակումներով փորձում են լռեցնել այդ դիսկուրսի հնարավոր այլ մասնակիցներին։ Այստեղ նպատակը հանրային քննարկման բացառումն է` հանրային երկխոսության կանխումը, թեմայի իռացիոնալիզացիան, զգացմունքայնացումը և կեղծ հայրենասիրությունը։