Ժամանց
Ամենավտանգավորը մենթոլով ծխախոտն է
Ինչպես հայտնում է АМИ-ТАСС գործակալությունը, ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ամենավտանգավոր ծխախոտները: Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցների կարծիքով, դրանք մենթոլով ծխախոտներն են, որոնք թույլ չեն տալիս երիտասարդին ձերբազատվել ծխելուց:
Նրանք նշում են, որ մենթոլը անանուխի և սինթետիկ նյութերի համակցություն է: Հայտնի է, որ այն ընդունակ է ակտիվացնել ուղեղի նյարդային համակարգի նեյրոնները, որոնք պատասխանատու են մրսելու զգացողության համար: Այդ իսկ պատճառով ծխելու ընթացքում մարդը չի զգում ծխախոտի ամբողջ ծանրությունը:
Այս տիպի սիգարետները կազմում են ծխախոտային շուկայի 25%-ը, իսկ դրանց նախապատվություն է տալիս քաղաքացիների ամենաանպաշտպան խավը` դեռահասները (կազմում են ընդհանուր ծխողների 50%):
Փորձերը ցույց են տվել, որ մենթոլով ծխախոտները պարունակում են ավելի շատ ածխածնի օքսիդ, նիկոտին և կոտինին, քան մնացած ծխախոտները: Սառնությունը նպաստում է մեծ քանակով նիկոտինի օգտագործմանը մեկ սիգարետի հաշվարկով, որը մեծ կախվածության պատճառ է դառնում:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: