Ժամանց
Տաք բնակարանները` գիրության պատճառ
Բրիտանացի գիտնականները նոր հայտնագործություն են արել: Լոնդոնի համալսարանի քոլեջի հետազոտողները պարզել են տան մարտկոցների ջերմաստիճանի և մարդու քաշի միջև կախվածությունը:
Պարզվել է, որ ինչքան տաք են տան մարտկոցները, այնքան ավելի դժվար է պայքարել ավելորդ քաշի դեմ: Պատճառը բավականին պարզ է. գտնվելով հարմարավետ պայմաններում` մարդու մարմինը դադարում է ջերմություն արտադրել, ինչն անհրաժեշտ է ցուրտ եղանակի ժամանակ մարմինը պաշտպանելու համար: Դա նշանակում է, որ կալորիաները դադարում են այրվել ճիշտ ձևով:
Մարմինը նաև հակազդում է կենտրոնական ջեռուցմանը և քաղաքակրթության այլ բարիքներին, որոնցից են, օրինակ, բնակարանների երկշերտ և եռաշերտ պատուհանները: Այդ իսկ պատճառով, պնդում են բրիտանացի գիտնականները, ժամանակակից, հարմարավետ բնակարաններում ապրում են քաշի ավելցուկով ավելի շատ մարդիկ: Հատկապես այս կախվածությունը նկատելի է զարգացած երկրներում, որտեղ բնակարանների միջին ջերմաստիճանը տարեցտարի աճում է:
Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների հետազոտությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ինչքան ավելի տաք տեղ է գտնվում մարդը, այնքան ավելի քիչ ճարպ է այրվում:
Այսպիսով, նրանք, ովքեր ուզում են նիհարել, պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն դիետաներին և սպորտով զբաղվելուն, այլև հետևեն ջերմաստիճանային ռեժիմին:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: