Ժամանց
Անքնությունը վատ հարաբերությունների պատճառ կարող է դառնալ
Բրիտանական բարեգործական Mental Health Foundation -ի կողմից հրապարակված «Քնի մասին հարցեր» զեկույցում խոսվում է, որ քնի անբավարարությունը հարկավոր է համարել առողջական լուրջ խնդիր:
Ավելի վաղ խոսվել է անբավարար քնի և դեպրեսիայի, իմունանբավարարության և սրտի հիվանդությունների կապի մասին: Սակայն, ըստ հիմնադրամի մասնագետների, անքնությունը ազդում է նաև մարդկանց հարաբերությունների վրա, զրկում է էներգիայից և կենտրոնանալու հնարավորությունից:
Ինչպես փոխանցում է BBC-ն, նման եզրակացության գիտնականները եկել են առցանց հարցման ժամանակ, որին մասնակցել է մոտավորապես 6800 մարդ: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր տառապում են անքնությամբ, չորս անգամ ավելի են դժվարություններ ունենում միջանձնային հարաբերություններում, երեք անգամ ավելի են իրենց ճնշված զգում և հաճախ տառապում են կենտրոնանալ չկարողանալու պատճառով:
Բացի այդ, վտանգավոր միտում կա, ըստ որի՝ մարդը կարող է հայտնվել «շղթայի» մեջ. վատ քունը առողջության հետ կապված հոգեբանական խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ, որն էլ իր հերթին կարող է վատ անդրադառնալ քնի վրա,- ասում է հիմնադրամի ավագ գիտաշխատող և զեկույցի առաջատար հեղինակ, բժիշկ Դեն Ռոբոտեմը:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: