Հասարակություն
Թույլ չենք տա. օգտատերերին զայրացրել է Երևանում նախատեսված Մորգենշտերնի համերգը
Sputnik Արմենիան գրում է. Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը: Մինչ կազմակերպիչները խոստանում են «այս տարվա մեր քաղաքի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը», հրապարակման տակ անընդհատ հայտնվում են Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանությունները՝ զայրացած էմոջիներով:
Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։ «Այս գժին և սատանիստին արգելել են ելույթ ունենալ աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ մեծ համերգ է կազմակերպվում», – գրում է սոցցանցի օգտատերերից մեկը: Ի դեպ, անցյալ տարվա վերջին Ուկրաինան արգելել էր Մորգենշտերնի հյուրախաղերն իր տարածքում «երկու ազգանուններով» էլ։ Արգելքն ընդունվել էր լեզվաբանական փորձաքննության եզրակացությունների հիման վրա։
Հաստատվել է, որ Մորգենշտերնի ստեղծագործության մեջ բռնությունն ու դաժանություն, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի տարածում և օգտագործում է քարոզվում: Ավելի հուզական մեկնաբանություններ էլ կան. «Վայ նրանց, ովքեր այլասերում են այս երկիրը, վայ նրանց, ովքեր Տիրոջ փոխարեն ընտրում են սատանային և նրա հետևորդներին»: Ոմանք ուղղակիորեն դիմում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով թույլ չտալ առաջիկա համերգը։
Մանրամասներն՝ այստեղ
Հասարակություն
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հասարակություն
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հասարակություն
Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։
Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։
Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում