Ժամանց
Տղամարդիկ առավել նախընտրում են համբուրվելը, կանայք՝ սեքսը
Ինդիանայի համալսարանի Քինսի ինստիտուտի մասնակիցներն անցկացրել են 1000 ամուսնական զույգերի սեռական կյանքի ուսումնասիրություն: Նրանցից շատերն ամուսնացած են եղել 15 տարի և ավելի: Հարցմանը մասնակցել են ամուսնական զույգեր Իսպանիայից, Ամերիկայից, Բրազիլիայից և Ճապոնիայից: Հետազոտության արդյունքները հրապարակված են Archives of Sexual Behaviour ամսագրում:
Պարզվել է, որ տղամարդկանց համար առավել կարևոր են կապվածությունը բնորոշող գործողությունները՝ համբույրը, շոյելը, ողջագուրումը, իսկ կանանց նախևառաջ պետք է սեռական հարաբերությունը: Տղամարդիկ, որոնք հաճախ են համբուրվում, ողջագուրվում, գգվում, երեք անգամ ավելի երջանիկ են, քան նրանք, ում մոտ դա բացակայում է: Կանայք, հակառակ սրան, նշել են, որ իրենց բավարարվածությունը հիմնականում պայմանավորված է սեռական կյանքում ունեցած հաջողություններով:
Կանայք և տղամարդիկ նաև նշել են, որ տարիների ընթացքում սեռական հարաբերությունների որակը բարձրանում է: 15 տարի հետո սեռական կյանքից բավարարվածությունն աճում է 20%-ով: Այս ամենը մասնագետները կապում են նախևառաջ այն հանգամանքին, որ ամուսնության առաջին տարիներին երիտասարդ զույգերը զբաղված են երեխա մեծացնելով և չեն ընկալում կյանքի բոլոր կողմերն այնպես, ինչպես ավելի հասուն տարիքում:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: