Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները փորձ են կատարել, որի ընթացքում պարզել են, որ կարմիր գինու ռեսվերատրոլ բաղադրամասը, որը վաղուց հայտնի է իբրև սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի պրոֆիլակտիկ միջոց, կանխում է այն խանգարումները, որոնք առաջանում են անկշռելիության և նստակյաց կյանքի հետևանքով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են ռեսվերատոլի օգտակարության մասին: Հիմա պարզվել է, որ այս նյութն օգնում է պահպանել մկանների տոնուսը և նպաստում է ճարպի այրմանը: Հետազոտությունը կատարվում էր տիեզերագնացներին օգնելու համար, որոնց շարժական ունակությունները անկշռելիության պայմաններում սահմանափակված են:
Այս պայմանների ստեղծման համար գիտնականները մկներին 15 օրով կախել են պոչից: Արդյունքում փորձնական խմբի մկների քաշը նվազել է, ինչպես նաև զարգացել է ինսուլինի հանդեպ զգայունությունը և նվազել է ոսկորների բյուրեղային կարծրությունը:
Այսպիսով ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կարմիր գինու մեջ գոյություն ունեցող նյութն անջատում է «բջջային նյութափոխանակությունը» և պահպանում բջջի էներգետիկ կենտրոնների` միտոքոնդրիումների լիակատար աշխատունակությունը:
Գիտնականները կարծում են, որ ռեսվերատրոլը կօգնի կանխել մարդկանց նստակյաց կյանքի հետևանքով առաջացող բացասական հետևանքները: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ ֆիզիկական ակտիվության օգտակարության և անհրաժեշտության մասին, որին չի կարող փոխարինել ոչ մի հրաշամիջոց: