Ժամանց
Սուրճի թարմացնող հատկությունը մարդու ներշնչանքի արդյունք է
Արևելյան Լոնդոնի գիտնականները կարծում են, որ սուրճի ազդեցությունն ունի ավելի շատ պլացեբոյի էֆեկտ, որը պայմանավորված է մարդու կողմից այդ նյութի նկատմամբ ունեցած ներշնչանքով: Գիտնականները եկել են եզրակացության, որ թարմացնող էֆեկտը կապված է մեր մտքերի հետ: Նրանք ներգրավել են 88 կամավորների, որոնց սուրճ են հյուրասիրել, սակայն ոչ բոլորին է բաժին հասել իսկական սուրճ:
Մի խմբին տվել են կոֆեինով սուրճ, իսկ մյուսներին` առանց կոֆեինի, սակայն հավատացրել են, որ դա իսկական սուրճ է: Մինչև սուրճ խմելը հատուկ թեստերի միջոցով պարզվել է մասնակիցների` գործողություններ կատարելու արագությունը: Սուրճ խմելուց հետո մասնագետները կրկնել են թեստը և պարզել, որ գիտափորձի թե՛ կեղծ և թե՛ իսկական սուրճ խմած մասնակիցները նույն ցուցանիշներն են ունեցել:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: